Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի դիտարկմամբ՝ սահմանային վերջին սրացումներով Ադրբեջանը, կարծես, ստուգում է, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմագրավելու:
Քաղաքագետն Ադրբեջանի կողմից իրավիճակը սրելու փորձերը կապում է Հայաստանի պատրաստվածության աստիճանը ստուգելու հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սովորաբար, Ադրբեջանն ակտիվանում է Մինսկի խմբի պաշտոնյաների այցերից առաջ, երբ Ալիեւը տարբեր հանդիպումներ է ունենում համանախագահների հետ: Դա ճնշման մի ձեւ է, որն Ադրբեջանը փորձում է գործադրել միջազգային հանրության վրա համանախագահների միջոցով, սակայն չի բացառվում, որ սա նաեւ նախապատրաստական աշխատանք է եւ կրում է ստուգողական բնույթ՝ այս միջոցով պարզելու, թե արդյոք մենք պատրաստ ենք այդպիսի գործողությունների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով Ալիեւի՝ վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ իր վրա շատ են ճնշումները Արցախի ճանաչման հարցում, նա ասաց.
«Սահմանային այս ակտիվությունը ինչ-որ կերպ կարող է կապված լինել այդ ճնշումների հետ: Կարող է եւ ոչ մի ճնշում էլ չկա, եւ նա այդ մասին հայտարարում է ներքին շուկայի համար: Կարելի է վերլուծել եւ քառօրյա պատերազմից հետո արված հայտարարությունները մեկնաբանել իբրեւ ճնշումներ, բայց Բաքուն լավ գիտի այդ հայտարարությունների գինը: Եթե ինչ-որ բան ռեալ չի լինում, ապա նա դա ճնշում չի համարում, նա դրանց սովոր է»: