Artsakhpress

Հարցազրույց

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ին՝ ամբողջությամբ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ին՝ ամբողջությամբ

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական The Telegraph-ին՝ ամբողջությամբ

12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամդրած սղագրությունն ամբողջությամբ։

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ –  Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ցանկանում եմ ակնհայտ բան հարցնել Ձեզ, ինչը վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Հիմա արդեն հինգ ամիս է ինչ ադրբեջանական ուժերը լիակատար հսկողության տակ են առել Լեռնային Ղարաբաղը։ Դրանից հետո խաղաղության մասին քննարկումներ են տեղի ունեցել, նախագահ Ալիևը խոսել է խաղաղության և 30-ամյա հակամարտությանը պաշտոնապես վերջ տալու իր պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել։ Որտե՞ղ ենք հիմա և ինչո՞ւ է ձգձգվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես, և մենք՝ երկար քննարկումներից հետո, ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Ի՞նչ է սա նշանակում. Ալմա-Աթայի հռչակագիրը հետևյալի մասին է և այն ստորագրել են Խորհրդային միության մաս կազմած 12 հանրապետություններ: Նրանք այդ հռչակագիրը ստորագրելով՝ արձանագրել են մի քանի բան: Առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և այդ հանրապետությունները, դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը: Եվ այսպիսով՝ Ալմա-Աթայի հռչակագրով, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են:

Եվ իհարկե, այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ ես ուզում եմ ընդգծել. Ալմա-Աթայի հռչակագիրը և հռչակագրի հետ կապված փաթեթները Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 1992թ.-ին, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ավելի ուշ: Ստորագրումից և վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Եվ երկրորդ կարևոր կետը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:

Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է: Դրանից հետո՝ հոկտեմբերի 30-ին, ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակներում, և այդ սկզբունքն էլ՝ նախորդ երկու սկզբունքների հետ, արձանագրվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլոր, ինչի մասին ասում եմ, խոսքը հրապարակային փաստաթղթերին է վերաբերում:

Ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը Ձեր հարցի հետ: Իսկ կապը հետևյալն է, որ, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վերջո, վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք, և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դա բավականին դրական է, բայց․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ներողություն եմ խնդրում, բայց այն, որ մենք այսքան ժամանակ ենք կորցրել, դա այդքան էլ դրական նշան չէ, որովհետև տեսեք՝  հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցավ հնգակողմ հանդիպում, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Եվրամիության խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես, և որտեղ պայմանավորվածություն ձևակերպվեց, ու դա գրավոր հրապարակվեց, որ այդ ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ 2023թ. աշնանը: Բայց Ադրբեջանը, ըստ էության, հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել, որտեղ այդ համատեքստում ձևակերպվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում, եռակողմ ձևաչափով: Ադրբեջանը նորից հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցել: Եվ եթե սրան գումարում ենք նաև այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Լեռնային Ղարաբաղում, նախ ռազմական հարվածներ հասցվեցին Լեռնային Ղարաբաղին և, ըստ էության, հայաթափվեց Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ՝ էթնիկ զտումների հետևանքով: Եվ, պարզապես, ես Ձեր կոնկրետ հարցին պատասխանեցի՝ կենտրոնանալով Ձեր հարցի բուն բովանդակության վրա, բայց ինչո՞ւ ընդհատեցի Ձեր հարցը դրական հնչելու կետի վրա, որովհետև երբ այս իրադարձություններն իրար կողքի ենք դնում, Հայաստանում, օրինակ՝ կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է և հրաժարվում է միջազգային հարթակներում և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածություններից:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Թույլ տվեք վերադառնալ իմ հարցին։ Կարծեմ հունվարի 10-ին նախագահ Ալիևը հեռուստահարցազրույց տվեց, որում մի քանի հետաքրքիր բան ասաց։ Նա ասաց, որ Ադրբեջանի տարածքների վերականգնման ազգային ծրագիրն ավարտին է հասցվել և ակնարկում էր, որ սկզբունքորեն այլևս չկա խոչընդոտ խաղաղության համար։ Նա նաև ասաց, որ եթե տեսնի Հայաստանը վերազինվում է՝ ռազմական գործողություն կսկսի Հայաստանի դեմ, նա վերահաստատեց Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցքի իր պահանջը, նա բացառեց Հայաստանի տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձրունքներից իր զորքերի դուրսբերումը՝ ասելով, որ այդ տարածքներն իրեն պետք են, որպեսզի կարողանա հսկողության տակ պահել հայկական մտադրությունները։ Ապա նա մերժեց Խորհրդային զինվորական վերջին քարտեզների վրա հիմնված սահման գծելու Ձեր առաջարկը՝ շեշտելով, որ նա ավելի շատ հակված է խոսել խորհրդայնացման ավելի վաղ շրջանների քարտեզների մասին, որովհետև Ադրբեջանն այդ ժամանակ շատ տարածքներ է կորցրել։ Մարդիկ, այդ թվում՝ Ձեր կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ սրանով Ադրբեջանը հիմք է դնում Հայաստանից տարածքային պահանջներ առաջ բերելու համար։ Այսինքն՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև նա մտադրություն ունի շարունակել և նախապատրաստել՝ եթե ոչ լայնամասշտաբ ներխուժում, ապա առնվազն ձեր տարածքի հանդեպ նկրտումներ ունենալ։ Ձեր կարծիքով՝ հենց սա՞ է տեղի ունենում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, այդ գնահատականները գոյության իրավունք ունեն և անհիմն համարել այդ գնահատականները չի կարելի: Եվ այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, ես նաև հրապարակային դա գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին, բայց ես քիչ առաջ նկարագրում էի, որ այդ հարվածն ինքն ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է առաջինը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից:

Նաև ուզում եմ արձանագրել, որ ես վերջերս արձագանքել եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարություններին և պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի ուժեղ և մարտունակ բանակ ունենալու իրավունք՝ այն արձանագրմամբ, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, անկախությունը և պետականությունն ամրացնելու համար է բանակ ստեղծում: Ըստ էության, մենք մեր քաղաքական դիրքորոշումներով արձանագրել ենք, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք և նույնն ակնկալում ենք նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներից՝ առավել ևս, որ դրա վերաբերյալ կա ստորագրված, ընդունված փաստաթուղթ: Տեսեք, երբ ես խոսում էի Պրահայի քառակողմ հայտարարության մասին, հենց դրա մասին է Պրահայի քառակողմ հայտարարությունը: Խոսել Խորհրդային Միություն մտնելու պահին եղած տարածքների մասին, գիտեք՝ ես կարծում եմ, որ Խորհրդային Միության մաս կազմելու ժամանակաշրջանի վերաբերյալ քննարկումները տվյալ կոնտեքստում ընդհանրապես պատեհ չեն: Ինչո՞ւ, որովհետև արդեն իսկ ասել եմ, որ եռակողմ և քառակողմ ֆորմատով գրավոր կերպով արձանագրվել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Ես հասկանում եմ, թե ինչու եք Դուք անհամաձայնություն հայտնում այս պնդումների վերաբերյալ։ Դուք մտավախություն ունեք․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, ես ոչ թե անհամաձայնություն ունեմ հայտարարությունների հետ, ես հղվում եմ փաստաթղթերին: Եթե Ադրբեջանի հայտարարությունն այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի: Այսինքն, ես նորից ասացի, ես գիտեմ, որ կան այդ վերլուծությունները, որ այդ հարցազրույցները և այլն, և այլն, իրենք նշանակում են, և ես էլ կարող եմ քաղաքական գնահատական տալ և ես էլ եմ ասում՝ կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր ձեռք բերած պայմանավորվածություններից: Բայց քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Վախ ունե՞ք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է սկսվել 3-րդ պատերազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վախը ճիշտ բառ չէ օգտագործելու համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և Հայաստանի Հանրապետությունը, ինչպես արդեն ասացի, իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր երկրի դիմակայունությունը բարձրացնելու համար, և իմիջիայլոց, վերջին տարիներին, կարծում եմ, միջազգային հանրությունը տեսավ, և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու և բարձրացնելու համար: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը և դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Որևէ ողջախոհ մարդ հնարավոր ապագա պատերազմի մասին նման մտավախություններ կարող է ունենալ։ Դուք սա՞ նկատի ունեք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցազրույցները՝ շատ լավ հարցազրույց, բոլոր հայտարարությունները՝ շատ լավ հայտարարություն, բայց շատ կարևոր է, որ մենք արձանագրենք մեր հարաբերությունների միջպետական բնույթը: Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք՝ ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Ես արդեն ասացի, որ մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք, և եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը, եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարևան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ներեցեք, բայց այստեղ անկյունաքարային հարցն այն է, որ լավ, ասենք ստացաք այդ միջազգային երաշխիքները, բայց Դուք հավատո՞ւմ եք նախագահ Ալիևին, որ վերջինս կպահի այդ պարտավորությունները։ Սա է հիմնական հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հավատում եմ Աստծուն և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք վերջերս, կարծեմ հենց այս շաբաթ խոսեցիք այն մասին, որ Հայաստանն այլևս չի կարող հենվել Ռուսաստանի վրա՝ որպես իր հիմնական ռազմական և պաշտպանական գործընկերոջ։ Կարծում եմ՝ բավականին պարզ է, թե ինչու։ Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունները ՀԱՊԿ մասով։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Հայաստանը դիտարկո՞ւմ է ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն՝ ընդհանարապես, և անվտանգության ոլորտում՝ մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ Նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն Միացյալ Նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները:

ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես, երկարաժամկետ կտրվածքով:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ Ռուսաստանին մեջքով չեք շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնք Դուք նշեցիք՝ սերտ կապերը Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, ես, կարծեմ, Չեխիայի CNN-ին հարցազրույց տալով, ասացի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ  Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Վերադասավորվելու, այլ անվտանգային կառույցների հարելու ձեր փորձերի շրջանակում դուք միացաք Միջազգային քրեական դատարանին, կարծեմ դա տեղի ունեցավ փետրվարի 1-ին կամ հունվարի 31-ին, Հայաստանը պաշտոնապես միացավ Հռոմի ստատուտին։ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել Ուկրաինայում կատարած ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ Եթե Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան՝ նրան կձերբակալե՞ք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել մեր անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատմամբ: Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքները վերլուծելով և արձանագրելով, որ մեր անվտանգային համակարգում որոշակի ճեղքեր են առաջացել: Այդ առումով, մենք նաև Հռոմի կանոնադրությունը վավերացրել ենք որպես մի լրացուցիչ գործոն՝ Հայաստանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Ես հասկանում եմ, որ ժամանակաշրջանը բարդ է եղել, հենց դրա համար էլ մենք այդ որոշումը կայացրել ենք: Այդ որոշումը ծառայում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է իրավաբանական նրբություններին՝ ես չեմ կարող հիմա իրավական վերլուծություններ անել, որովհետև դա իրավաբանների գործն է: Կարծում եմ, ինչպես ասացի, Հայաստանը՝ որպես պատասխանատու պետություն, պետք է հավատարիմ մնա իր բոլոր միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ այն պարտավորություններին, որոնք ունի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այն պարտավորություններին, որոնք ունի միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իմիջիայլոց, այդ թեմայով նաև ամենատարբեր կարծիքներ, իրավական վերլուծություններ կան, և, մասնավորապես, քիչ չեն այն իրավաբանները, ովքեր ասում են, որ պետության գործող ղեկավարներն իրենք այդ կարգավիճակի բերումով ունեն անձեռնմխելիություն, անհաղթահարելի անձեռնմխելիություն: Նկատի ունեմ՝ դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ և որին պետք է արձագանքեմ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Աշխարհի մի մասն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար։ Դուք դա անելու պարտավորություն ունեք։ Եթե նա գա Հայաստան՝ Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ և ուղարկի Հաագա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով։

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես հասկանում եմ, ես նկատի ունեմ, որ դա Ձեզ կարող է դնել որոշակի անհարմար իրավիճակի մեջ։ Հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի։ Սա բավականին անհարմար իրավիճակ է, այդպես չէ՞։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի։

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ ձեր նոր համագործակցությունն Արևմուտքի հետ որևէ կերպ ուղղված չէ ընդդեմ Ռուսաստանի, որ Ռուսաստանն այդ մասով անհանգստանալու կարիք չունի, որ դուք ուղղակի բազմազանացնում եք ձեր անվտանգային միջավայրը։ Հիմա ես մեջբերում եմ մի անանուն աղբյուրի՝ ենթադրաբար բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյայի մեկնաբանությունը տրված հոկտեմբերին՝ ՏԱՍՍ գործակալությանը։ «Մենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթը Եվրոպական խորհրդարանում համարում ենք բացարձակապես անպատասխանատու և սադրիչ, մասնավորապես այն մասով, որը վերաբերել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում վերածվել 3-րդ Ուկրաինայի։ Փաշինյանը քվանտային թռիչքով գնում է Վոլոդիմիր Զելենսկիի ճանապարհով»: Եթե ես լինեի Ձեր տեղը, ես բավականին անհանգստացած կլինեի Ռուսաստանից հնչող նման հռետորաբանությունից, հաշվի առնելով այն, թե ինչ է անում Ռուսաստանն Ուկրաինայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես, ես սիրում եմ մեջբերումները մեկնաբանել այն բանից հետո, երբ ինքս կկարդամ, ամենայն հարգանքով, երրորդ աղբյուրից, համենայնդեպս իմ քաղաքական փորձը դա է ցույց տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, շարունակելով նախորդ հարցը, հետևյալը կասեմ, որ մենք, ինչպես և ակնհայտորեն ասել եմ Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում՝ մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են։

Իմիջիայլոց, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ մեր տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել և այդ էական իրադարձություն է՝ անկախ վերաբերմունքից և քաղաքական գնահատականներից, որովհետև, կարող է տարբեր լինել վերաբերմունքը և քաղաքական գնահատականը, բայց մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։ Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։ Իհարկե, ես առիթ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջը և Վրաստանին, Վրաստանի ժողովրդին շնորհավորել այդ կարևոր իրադարձության առիթով։ Կարծում եմ, որ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ իմաստ կունենար շնորհավորելը։

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Նկատի ունեմ ցանկություն ունեք տանել ձեր երկիրը ԵՄ-ի ուղղությամբ։ Այն սարքել նպատակ։ Դա խելամի՞տ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուղղությունը պետք է պարզաբանել, թե ինչ նկատի ունենք, որովհետև դեռևս իմ վարչապետ դառնալուց առաջ Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր։ Հիմա այդ համաձայնագիրն իրագործման փուլում է։ Ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են, և ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները խորանում են այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պայմաններում և պատճառով: Բայց, իհարկե, մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները սերտանում են նաև այն պատճառով, որ, միջազգային հանրության գնահատականով, մենք տեսանելի հաջողություններ ունենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին:

Գիտեք, այս նրբությունը շատ կարևոր է մեր իրադրությունը հասկանալու համար, իրավիճակը և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Տեսեք, մենք ոչ մեկից չենք շրջվում: Մենք իրականացնում ենք մեր ժողովրդից ստացած մեր պատգամները: Իսկ այդ պատգամն, առաջին հերթին, ժողովրդավարական բարեփոխումներն են: Եվ ժողովրդավարությունը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական հանրության զարգացումը մեզ համար ուղղակի հանգամանքների բերումով առաջացած օրակարգեր չեն: Ես բազմիցս եմ հայտարարել, որ դա մեզ համար ռազմավարություն է, և Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում ասացի, որ մենք շարունակելու ենք այդ ռազմավարությունների իրականացումը, շարունակելու ենք այդ բարեփոխումները: Եվ ասացի, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Կներեք ամեն անգամ այս հարցը առաջ տանելու համար։ Պատճառը, որ ես հարցնում եմ Ռուսաստանի սուր արձագանքի մասին, որը ստացվեց Հայաստանի ՄՔԴ-ին միանալուց հետո, այն է որ․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, հարցնեմ՝ ո՞ւմ արձագանքի մասին:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես խոսում եմ ռուսաստանցի անանուն պաշտոնյայից իմ կատարած մեջբերման մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, Ձեր մեջբերած աղբյուրը, ռուս պաշտոնյան, անանո՞ւն պաշտոնյա է: Ես ճի՞շտ հասկացա:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Այո, ՏԱՍՍ-ին տրված մեկնաբանությունն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց կներեք, առավել ևս, նույնիսկ հղումը կարող եք չուղարկել, որովհետև չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի համար պատշաճ է անանուն աղբյուրի ասածը մեկնաբանել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հիմա ինչքան անանուն աղբյուր կա: Եթե մենք սկսենք անանուն աղբյուրների...

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Լավ, ես հասկանում եմ։ Բայց ես նկատի ունեմ դա պետական ռուսական լրատվական գործակալություն է, այն որոշակի ուղերձներ է հղում, և այդ ուղերձներն անտեղի չեն հղվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, եթե աղբյուրն անանուն է՝ նշանակում է այնքան վստահ չէ նրա մեջ, ինչ ասում է:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ -  Միգուցե։ Բայց այս սուր հարցերը տալու պատճառը ձեր աշխարհագրությունն է․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սիրում եմ սուր հարցեր:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Այսինքն՝ որտե՞ղ է Հայաստանը։ Անկախ նրանից՝  ցանկանում եք, թե ոչ, դուք առնչվում եք Ուկրաինայի պատերազմի հետ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս մեծ առճակատման հետ, դուք նաև սահման ունեք Իրանի հետ, այժմ Իսրայելի ու Գազայի միջև պատերազմ է, որը պարունակում է լայնամասշտաբ իսրայելա-իրանյան պատերազմի վերածվելու ռիսկեր։ Այս ամենն այստեղ՝ Հարավային Կովկասում, ունի ընդհանուր կետ։ Որքանո՞վ կարող է իրավիճակը վատթարանալ այստեղ։ Մտավախություն ունե՞ք, որ այս փոխկապակցված միջազգային ճգնաժամերը կարող են տարածվել այստեղ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ներողություն եմ խնդրում, Դուք ո՞ր երկրից եք:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Ես Մեծ Բրիտանիայից եմ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ցավոք, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ եվրոպական բոլոր երկրներում կան շատ խորը մտահոգություններ: Ես մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներին, և մենք ինչպես դռնբաց, այնպես էլ դռնփակ ֆորմատներով քննարկումներ ենք անում միջազգային իրադրության վերաբերյալ: Ես այսօր  աշխարհում չգիտեմ մի պետություն, համենայնդեպս՝ այն պետությունները, որոնց ղեկավարների հետ ես շփվում եմ, որն իր անվտանգության հետ կապված խորը մտահոգություններ չունենա:

Ես սա ինչի՞ համար եմ ասում: Նախ՝ երկու բան: Ես չեմ ուզում, որ այս զրույցից տպավորություն ստացվի, թե Հայաստանում անվտանգության մարտահրավերներն էականորեն ավելի կրիտիկական են, քան աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Բայց մյուս կողմից՝ ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի կառավարությունը չի գիտակցում, թե Հայաստանի անվտանգության մարտահրավերներն ինչքան կրիտիկական են: Հասկանո՞ւմ եք:

Տեսեք, ես եվրոպական շատ երկրների ղեկավարների հետ եմ շփվում և ոչ միայն եվրոպական: Բոլոր երկրներում այդ անվտանգային մարտահրավերները կան, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն առավոտ ինչ տեղի կունենա կամ այսօր գիշեր: Սա է ժամանակակից աշխարհի ամբողջ տրամաբանությունը: Եվ եթե մենք վերցնում ենք նաև գլոբալիզացիան, որ աշխարհը շատ փոքրացել է... Տեսեք, թե մեր շուրջն ինչ է կատարվում, Ուկրաինայում ինչ է կատարվում, Իսրայելում ինչ է կատարվում, մեր մոտակա ծովային ավազաններում ինչ է կատարվում և այլն: Որևէ մեկը չի կարող հանգիստ լինել: Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են:

Երկրորդը՝ Ձեր ասած մարտահրավերները. և սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետև հիմա և վերջին երկու տարում միջազգային հանրությունը քննարկում է՝ միջուկային պատերազմ կլինի՞, թե՞ չի լինի: Եվ քանի որ իմ դիրքն այնպիսի է, որ ես շփումներ ունեմ այդ միջուկային պատերազմի կարծես թե մի քանի կողմերի հետ, ես նաև գիտեմ, թե դա ինչքանով է լուրջ թեմա: Այս իմաստով, համենայնդեպս, Հայաստանն էականորեն ավելի ապահով է, որովհետև չեմ կարծում, որ որևէ մեկը պատրաստվում է Հայաստանին միջուկային հարված հասցնել: Մինչդեռ բազմաթիվ երկրներ վստահ չեն, որ այդքան ապահով են զգում իրենց:

Ինչի՞ համար եմ ես այսպես արձագանքում Ձեզ: Ես ուզում եմ, որ Դուք ճիշտ հասկանաք. շատ կարևոր է հասկանալ, որ բազմաթիվ այլ երկրներում ավելի անվտանգ չէ, քան Հայաստանի Հանրապետությունում: Իսկ ուրիշ տեսակետից՝ Հայաստանի Հանրապետությունն, իմիջիայլոց, Numbeo-ի վերջին վարկանիշային աղյուսակի վրա, իհարկե, իր ներքին անվտանգության մակարդակով աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը: Այսինքն՝ հիմա Դուք նստած եք աշխարհի 7-րդ ամենաանվտանգ երկրում, ինչը, կարծում եմ, վատ չէ:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ո՞րն է Ձեր ուղերձն իմ ընթերցողներին, այն նախարարներին, ովքեր կարդում են իմ թերթը։ Որովհետև աշխարհը, ինչպես Դուք ասացիք, լրջորեն քննարկում է միջուկային պատերազմի հավանականությունը մի իրականությունում, երբ չգիտենք վաղն ինչ է լինելու․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր ընթերցողներին հետևյալը կասեմ՝ ես գիտեմ, ինչ դժվար է, ես գիտեմ, ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է, և մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք «տարածաշրջանացում», որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության:

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք Ձեզ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search