Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ ավարտվել է մայիսյան Եռատոնին նվիրված «Վերածննդից հաղթանակ» խորագրով տոնական համերգը:
Ստեփանակերտում տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին հանդես են եկել Համահայկական նվագախումբը, որտեղ ընդգրկված են եղել 22 երկրներից շուրջ 100 հայ երաժիշտներ, ինչպես նաև երգչախմբեր Հայաստանից և Արցախից: Համերգի ընթացքում հանդես են եկել նաև ՀՀ-ից ժամանած դասական և փոփ երաժիշտներ:
‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում Համահայկական նվագախմբի պրոդյուսեր Արման Բադալյանն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ և հպարտություն է լինել Արցախում և հանդես գալ համերգային ծրագրով:
Նա նշել է, որ այսօրվա համերգային ծրագիրը միասնական նախագիծ է, քանի որ նվագախմբում ընդգրկված են երաժիշտներ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից:
«Համերգը նաև մեր միասնության գաղափարն է իր մեջ ներառում և ևս մեկ անգամ ապացուցում, որ հայ ժողովուրդը միայն այս ձևով է հասնելու լուրջ հաջողությունների և կերտելու նորանոր հաղթանակներ»,-ավելացրել է Ա. Բադալյանը:
Համերգին ներկա էր ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր և այլք:
Տոնական համերգն ավարտվել է շքեղ հրավառությամբ:
Նշենք, որ բացի մայրաքաղաք Ստեփանակերտից, Եռատոնին նվիրված միջոցառումներ ու համերգներ են կայացել նաև Արցախի շրջկենտրոններում:
Համահայկական նվագախմբում ընդգրկված են աշխարհի լավագույն և առաջատար նվագախմբերի հայազգի երաժիշտներ, ինչպես Նյուրմբերգի, Մոսկվայի Չայկովսկու անվան, Տորոնտոյի, Պորտուգալիայի սիմֆոնիկները, Դամասկոսի, Օվիեդոյի, Էկվադորի Գուայաքիլ սիմֆոնիկները, Տոկիոյի ԻլյումինԱրթ և Լիբանանի, Մեքսիկայի Ակապուլկոյի ֆիլհարմոնիկները, Թբիլիսիի օպերային թատրոնի նվագախումբը, Բելգիայի ազգայինը, Մեքլենբուրգի պետական կապելլան, ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկը, Արցախի կամերային նվագախումբը, Հոնոլուլույի սիմֆոնիկը, Մանհայմի «Մոցարտ» նվագախումբը, Radio France-ի ազգային սիմֆոնիկը, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկը, Քոբուրգի Landestheater-ը և այլն: Համահայկական նվագախմբի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը: