Բելառուսում Իսրայելի դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին Գերագույն դատարանի որոշումը։
Բելառուսում Իսրայելի դեսպանատանը՝ Լապշինի գործի մասին. կսպասենք հետագա ցուցումների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի հետ զրույցում Մինսկում Իսրայելի փոխդեսպան Յուլյա Ռաչինսկի–Սպիվակովը նշեց, որ դեսպանատունը չի մեկնաբանում դատարանի որոշումը։ Միաժամանակ նա նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունն արել է հնարավոր ամեն բան Լապշինին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար։ «Ցավոք, կան շրջանակներ, որոնք սահմանափակում են մեր գործունեությունը։ Ամբողջ տեղեկությունը փոխանցվում է Իսրայել, որտեղից էլ կսպասենք հետագա ցուցումների»,– նշեց դեսպանատան ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ի նիստում մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։
Լապշինի եւ նրա փաստաբանների բողոքը դատարան էր ներկայացվել փետրվարի 6-ին։ Բելառուսի Գերագույն դատարանին բառացիորեն մի քանի ժամ է պետք եղել վճիռ կայացնելու համար, ինչը վկայում է դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին։
Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։
Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:
Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» եւ երկրի ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։