Հակառակ առկա բոլոր դժվարություններին` վերականգնումի դժվարին պայմանների մեջ գտնվող, բայց արժանապատվությամբ ապրող քեսաբահայությունը շարունակում է հանրային, ազգային և միութենական կյանքով ապրել:
Քեսաբում նշվել է Հայաստանի եւ Արցախի անկախության 25-ամյակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հալեպում տպագրվող Գանձասար թերթի փոխանցմամբ՝ օրերս Քեսաբում նշվել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախության 25-րդ տարեդարձները:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանչական համայնքների հոգևորականները, ազգային մարմինների և միությունների վարչության ներկայացուցիչները, Քեսաբի ոստիկանապետը, տեղական ինքնակառավարման ավագանու նախագահը, ինչպես նաև քեսաբահայության հոծ բազմություն:
Սիրիայի և Հայաստանի քայլերգերով և մեկ րոպե հոտնկայս լռությամբ ներկաները հարգվել են հայ և արաբ նահատակների հիշատակը: Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով՝ կարևորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարը և այս համատեքստում սիրիահայության դերը: Նրանք իրենց ելույթներում հատուկ ընդգծել են հայ-սիրիական ջերմ բարեկամությունը և խաղաղություն ու կայություն են մաղթել՝ ինչպես Սիրիայի ներքաղաքական կյանքում, այնպես էլ Արցախի սահմաններում:
Միջոցառմանը հնչել է ազգային-հայրենասիրական երգեր, որոնք օրը վեր են ածել իսկական տոնի: