Artsakhpress

Վերլուծական

Ամերիկահայերը դատի են տվել Թուրքիային՝ իրենց հայրենի երկիրն առանց անձնագրի այցելելու համար

2019 թ. մայիսի 29-ին երկու ամերիկահայեր ներկայացրել են եզակի դատական հայց, որը հիմնված չէր Հայոց ցեղասպանության վրա, Միացյալ Նահանգների դաշնային դատարան, Կալիֆորնիայի կենտրոնական շրջանի, ընդդեմ Թուրքիայի կառավարության:

Ամերիկահայերը դատի են տվել Թուրքիային՝ իրենց հայրենի երկիրն առանց անձնագրի այցելելու համար

Ամերիկահայերը դատի են տվել Թուրքիային՝ իրենց հայրենի երկիրն առանց անձնագրի այցելելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատական հայցը հարուցվել է 88-ամյա Պարգև Ղազարյանի և նրա որդու՝ Կարո Ղազարյանի կողմից՝ պնդելով «տարեցների նկատմամբ օրենքով սահմանված բռնության գործադրման, դիտավորյալ հուզական տագնապի պատճառման, միջազգային օրենքի խախտման, վստահված անձի պարտականությունների խախտման և ժառանգության ակնկալիքին դիտավորյալ միջամտության մասին», ասված է «Կիրկոնյան Դաջանի» ՍՊԸ փաստաբանական ընկերության կողմից ներկայացված 44 էջանոց բողոքում:
Հայցվոր Պարգև Ղազարյանը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ծնված 1931 թ. ապրիլի 20-ին Թուրքիայի Քալադուրան գյուղում: Նա այժմ բնակվում է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Նրա որդին՝ Կարո Ղազարյանը, որը ծնվել է Բեյրութում, Լիբանան, ևս Միացյալ Նահանգների քաղաքացի է և ապրում է Գլենդելում:
Բողոքում պնդում են, որ հայցվորներին հասցվել է անձնական վիրավորանք, որը պատճառվել է ԱՄՆ-ում Թուրքիայի կառավարության աշխատակիցների կամ գործակալների խճճված գործողությունների կամ թերացման պատճառով:
1930-ական թվականներին Քալադուրանը փոքր հայկական գյուղ էր ներկայիս Սիրիայի Քեսաբի ծայրամասում: Պարգև Ղազարյանը մկրտվել է որպես հայ քրիստոնյա «Բալում, Թուրքիա գտնվող սրբազան արարողությունների վայրում, 1931 թվականին», նշված է դատական հայցում: Բալումը կամ Բառլումը հունահռոմեական ավերակների հնագույն տեղանք է, որը գտնվում է Քալադուրանից մի փոքր հեռու: Դարեր շարունակ տեղի հայերը, ներառյալ Պարգևի ընտանիքը, գնացել են ուխտագնացության Բալում՝ կատարելու իրենց կրոնական և մշակութային ծեսերը:
1939 թ.-ին Քալադուրանը բաժանվեց Սիրիայի և Թուրքիայի միջև՝ Պարգևի տունը թողնելով սիրիական կողմում, իսկ նրա ընտանիքին պատկանող դաշտերն ու հողերը մնացին թուրքական կողմում: Քանի որ Բալումը նույնպես մնում էր թուրքական հսկողության տակ, Քալադուրանի հայերը այլևս չէին կարողանում իրականացնել իրենց ծեսերը այդ վայրում:
2017-ի հոկտեմբերի 11-ին Պարգևը որոշել է մեկնել Թուրքիա՝ Բալում այցելելու համար: Նա դիմում է ներկայացրել վիզայի համար Վաշինգտոնում գտնվող թուրքական դեսպանատուն, նշելով, որ նրա մուտքի ակնկալվող ամսաթիվը կլինի 2017 թ. դեկտեմբերի 23-ը: Վիզայի դիմումում՝ «անձնագրի տեսակը» կատեգորայի տակ նա նշել է «Այլ» վանդակը և «Խնդրում ենք մատնանշել» վանդակի տակ գրել է՝ հայ քրիստոնյա: Պարգևը նաև նշել է, որ նա ծնվել է Քալադուրանում, Թուրքիա և մուտք է ուզում «կրոնական ուխտագնացության» նպատակով: Համաձայն հայցի՝ նա նպատակ ուներ «հայրենի կրոնական և մշակութային ավանդույթները փոխանցել որդուն՝ հայցվոր Կարոյին և հետնորդներին»:
Պատահականորեն, 2017-ի հոկտեմբերի 8-ին Թուրքիան դադարեցրել է վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ նմանատիպ արգելքի հակադարձության մինչև 2017 թ. դեկտեմբերի 28-ը: Պարգևը չուներ ԱՄՆ անձնագիր, սակայն եթե նույնիսկ ունենար, Թուրքիան կմերժեր նրան մուտքի վիզա տալ արգելքի պատճառով: Թուրքիայի դեսպանությունը Պարգևի վիզայի վերաբերյալ դիմումը ստացել է Թուրքիա ժամանելուց 71 օր առաջ, մինչդեռ դեսպանությունը պահանջում էր, որ այդպիսի դիմումները ներկայացվեն մեկնելու ակնկալվող ամսաթվից առնվազն 30 օր առաջ: Պատասխան չստանալով Թուրքիայի դեսպանատան կողմից, Պարգևը հիշեցում է ուղարկել 2017 թ. դեկտեմբերի 6-ին՝ հետաքրքրվելով իր վիզայի դիմումի կարգավիճակի մասին:
2017 թ. դեկտեմբերի 11-ին Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը զանգահարել է Պարգևի որդու գրասենյակ, նշելով, որ դեսպանատունը չգիտեր, թե ինչ տեսակի վիզա է հայցում Պարգևը, չնայած, որ հստակ նշված էր՝«կարճատև այց» վիզայի դիմումագրում: Ի պատասխան՝ 2017 թ. դեկտեմբերի 18-ին Պարգևը էլեկտրոնային նամակ է ուղարկել դեսպանատուն:  Այնուհետև, 2017 թ. դեկտեմբերի 22-ին նա հիշեցում է ուղարկել դեսպանատուն՝ գիշերային փոստով: 2017 թ. դեկտեմբերի 22-ի նույն օրը, երբ Պարգևը պետք է թռչեր Թուրքիա, դեսպանության հյուպատոսական բաժինը էլեկտրոնային նամակ է ուղարկել Պարգևին՝ հանձնարարելով նրան անձնագրով նորից դիմել Լոս Անջելեսի Թուրքիայի հյուպատոսարան: Պարգևի փաստաբանների ներկայացրած հայցադիմումում նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները «անհանգստացրել, վրդովել, շփոթեցրել և խանգարել են Պարգևին՝ մտադրվելով արժեզրկել նրա ինքնությունը, որպես Թուրքիայում ծնված հայ քրիստոնյա»:
Հայցադիմումում մեջբերված է նաև 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հայտարարությունը՝ «Հայերն ընդհանրապես իրավունքներ չունեն այս բարգավաճ երկրում: Հողը ձերն է, հողը պատկանում է թուրքերին: Պատմության մեջ այս հողը թուրքական էր, հետևաբար այն թուրքական է և հավիտյան կմնա թուրքական: Վերջապես հողը վերադարձվել է իր օրինական տերերին: Հայերն ու մյուսներն այստեղ ոչ մի իրավունք չունեն: Այս օրհնված շրջաններն իսկական թուրքերի հայրենի հողերն են»:
Հայցադիմումում այնուհետև նշվում է, որ «այդպիսի հայտարարություններով, իսկ հետո օրենսդրական, գործադիր, վարչական և այլ պաշտոնական և (կամ) ոչ պաշտոնական գործողությունների միջոցով, որ ամբաստանյալը ստեղծել է  նպատակային քաղաքականություն հենց Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ: Նպատակային քաղաքականության հիմնական նպատակը բնիկ հայ քրիստոնյաներին իրենց իրավունքներից և ինքնությունից զրկելն էր՝ անմարդկայնացնելու, նվաստացնելու, սեփականազրկելու, թշնամացնելու, ընտրելու իրավունքից զրկելու, լուծարելու և այլ կերպ հեռացնելով հայ քրիստոնյաներին իրենց հայրենի հողերից և հայրենի սովորույթներից ու կրոնական սովորություններից այդ հողերում: Այս նպատակային քաղաքականությունը իրականացվել, հիմնարկվել, կատարելագործվել և պահպանվել է ամբաստանյալի հաջորդական կառավարությունների և գործակալների կողմից»:
Հայցադիմումում Թուրքիան և նրա գործակալները մեղադրվում են հետևյալ միջազգային պայմանագրերը խախտելու մեջ՝ Պարգևի նկատմամբ իրենց վատ վերաբերմունքով.

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը,

- ՄԱԿ-ի սկզբունքները տարեցների համար,

- Լոզանի պայմանագիրը,

- Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը,

- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը,

- Ծերացման խնդիրների Վիեննայի գործողությունների միջազգային ծրագիրը,

- Ծերացման խնդիրների մադրիդյան միջազգային ծրագիրը,

- ՄԱԿ-ի հռչակագիրը բնիկ ժողովուրդների իրավունքների վերաբերյալ:

Ցավոք, Պարգևի առողջությունը վատացել է 2017 թ. Թուրքիա իր կատարելիք այցի պահից և նա այլևս ի վիճակի չէ ճանապարհորդել: Սա վերջին հնարավորությունն էր, որ Պարգևը կարող էր այցելել իր բնօրրանն և որպես հայ քրիստոնյա կատարել իր կրոնական ծեսերը: Թուրքիայի կառավարությունը Պարգևին զրկեց այդ հնարավորությունից՝ նրան արտոնություն չտալով մտնել Թուրքիա:
2019 թ. հունիսի 10-ին ԱՄՆ դաշնային դատարանը հայցվորներին խնդրեց գրավոր հայցադիմում ներկայացնել՝ ոչ ուշ, քան 2019 թ. հունիսի 28-ը, այն մասին, թե ինչու գործը չպետք է կարճվի առարկայական իրավասության բացակայության պատճառով: Դատարանի պահանջով, հայցվորները 25 էջանոց հուշագիր ներկայացրեցին 2019 թ. հունիսի 28-ին՝ բացատրելով, որ Թուրքիան, որպես օտարերկրյա գերիշխանություն, իրավունք չունի խախտել ԱՄՆ և միջազգային մարդասիրական օրենքները, մասնավորապես ամերիկյան հողի վրա:
2019-ի հուլիսի 11-ին Դաշնային դատարանը որոշում կայացրեց, որ այն «հետաձգում է իր իրավասության մասին որոշումը, մինչև Թուրքիան ստանա հայցը և հնարավորություն ունենա տրամադրելու իր տեսակետները այդ հարցի վերաբերյալ»:
Այս հայցադիմումը եզակի հնարավություն է տալիս հաստատելու հայերի իրավունքները՝ առանց անձնագրի այցելելու իրենց հայրենի հողերը, որոնք այժմ գրավված են Թուրքիայի կառավարության կողմից…

 

Հարութ Սասունյան 

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -11-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

2014թ.-ից հանդիսանում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ. Մարտակերտի քաղաքապետը հերքում է կեղծ լուրերը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search