Artsakhpress

Հասարակական

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության  կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առաջնային տպագիր, էլեկտրոնային մամուլի առաջին դեմքերն էին, առիթ ունեցան լինելու նաև ՀՅԴ-ի` Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրությունում  և խմբագիր Շահան Գանտահարյանին հանձնելու Արցախի «Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալը:

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Yerkir.am-ի փոխանցմամբ՝ այն հանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայել Հաջյանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դեմս Գանտահարյանի, մշտապես սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետպատերազմական տարիներին, թե՛ վերականգման ու վերակառուցման շրջանում  և թե՛ այսօր:
«Մայրություն» կազմակերպությունն Արցախյան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծվել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժեք է ձեռք բերել, որովհետև ուշադրության կենտրոնում է պահում բոլոր այն  հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարավորությունների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրությունը» նույնպես Հայոց բանակի ու զինվորների կողքին է: Կազմակերպության խմբերը մշտապես առաջին դիրք են մեկնում` ցույց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հավատում են զավակների, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված տղաների արիությանը, խիզախությանը»,- իր խոսքում ասաց Հաջյանը:
Նա նաև մի դրվագ պատմեց, թե ինչպես է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարյանին: «Անցյալ տարի մենք պետք է որդուս (Ապրիլյան քառօրյայի նահատակ Նորայր Հաջյան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք : Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մոտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանոթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դեմքը ծանոթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչություն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպե՞ս. Սիրիայի դեպքերի հետ կապված, երբ Շահանը գրեթե ամեն օր հանդես էր գալիս հեռուստատեսությամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թե ինչպես է սիրիահայության վիճակը»,- պատմեց Միքայել Հաջյանը` փոխանցելով Շահան Գանտահարյանին Հասմիկ Միքայելյանի ղեկավարած «Մայրություն» ՀԿ-ի հուշամեդալը:
Նա կարևորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակությունը ոչ միայն Սփյուռքի, այլ նաև ամբողջ հայության համար: Ասաց` երբ խոսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցության մասին, ապա Շահան Գանտահարյանն այդ համագործակցության կարևոր ուղենիշներից մեկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապես Արցախով է շնչում, ու եթե բացենք «Ազդակ»-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կա Արցախին:
«Շատ շնորհումներ  են եղել, բայց այս մեկն իսկապես հուզեց, նամանավանդ, որ Արցախից է: Արցախն իսկապես առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կհամարեմ «Ազդակ»-ի մեծ ընտանիքի նվերը, որովհետև ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»-ն` առհասարակ»,- շնորհակալության խոսքում նշեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:
Հ.Գ. Երախտիքի բազմաթիվ մեդալներ կան, որ տրվում են պետական ամենափոքր գերատեսչությունից մինչև իշխանության գլուխ կանգնածների կողմից: Բոլորն էլ, անխոս, պարտավորեցնող ու պատվաբեր են: «Մայրական երախտագիտություն» մեդալը, կարծում ենք, ո՛չ պարտավորեցնող, ո՛չ էլ պատվաբեր է, այն լուռ աղոթքն է այն մայրերի, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհել ու զոհում հանուն հայրենիքի, ամուր ու խաղաղ սահմանի: Աղոթք, շնորհակալություն է` իրենց զավակներին հիշելու, նրանց արածը գնահատելու, գործը շարունակելու ու սխրանքը սերունդներին փոխանցելու համար: «Մայրական երախտագիտություն» մեդալը, վստահ ենք, Շահան Գանտահարյանի համար մասունքի նման է լինելու. չէ՞ որ դրա մեջ որդեկորույս մոր աղոթքի շունչը կա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search