ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում այսօր տեղի է ունեցել համերգ՝ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և արվեստի «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրների մասնակցությամբ:
Ստեփանակերտում տեղի է ունեցել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրների պարգևատրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համերգին Գյումրու մասնաճյուղի ուսանողները և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները ժողգործիքների նվագակցությամբ հանդես են եկել հայրենասիրական երգերով:Միջոցառման ընթացքում մրցույթ-փառատոնի արցախցի մրցանակակիրներն արժանացել են դիպլոմների և նվերների:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասել է, որ Արցախից այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 34 հոգի, որոնցից 29-ը գրավել են մրցանակային տեղեր, այդ թվում 8 հոգի՝ առաջին, իսկ դաշնամուրային դուետ անվանակարգում մեկ զույգ էլ արժանացել է գրան պրիի:
Խոսելով «Վերածնունդ» փառատոնի մասին՝ նախարարն ասել է, որ այս տարվա նորույթը երաժիշտ-կատարողներից բացի նկարիչների մասնակցությունն է մրցույթին. դա շատ կարևոր է միջմշակութային հաղորդակցության կապերի սերտացման բնագավառում: Նա ընդգծել է, որ արվեստի զարգացման գործում մեծ նշանակություն ունի նման մրցույթ-փառատոնների կազմակերպումը:
Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի վարիչ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ–փառատոնի «Ազգային նվագարաններ» անվանակարգի համակարգող Գևորգ Նորոյանն ասել է, որ իրենց ուսանողներն Արցախում տարբեր համերգների են մասնակցում և այս փոխհամագործակցությունը զարգացնում ու ամրապնդում է մշակութային կապերը: Նա նշել է, որ այս տարի լրանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի համագործակցության 10-ամյակը:
Անդրադառնալով փառատոնին՝ Գ. Նորոյանն նաև ասել է, որ մրցույթին մասնակցելը մեծ կարևորություն ունի, քանի որ երիտասարդ երաժիշտները հնարավորություն են ունենում շփվելու աշխարհահռչակ արվեստագետների հետ: Նրանք մասնակցում են վարպետության դասերի, ձեռք բերում փորձ, կատարելագործվում իրենց մասնագիտության բնագավառում: «Այս տարվա ապրիլին Գյումրիում տեղի ունեցած արվեստի «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի 37 երկրից, նախորդ տարվա 36-ի փոխարեն: Մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում արցախցիները և պիտի նշեմ, որ նրանց կատարողական արվեստը բավականին բարձր մակարդակի է. արցախցի երեխաներն օժտված են նաև երաժշտական տաղանդով»,-ավելացրել է Գ. Նորոյանը: