Հայկական գինիների համտես է կայացել Բրյուսելի «Սոլվեյ» թագավորական գրադարանում, հայտնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Բրյուսելում hայկական գինիների համտես է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ newsarmenia.ru-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի միջոցառմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը։
«Միջոցառման նպատակն է` նպաստել գինեգործական բնագավառի զարգացմանը, օգնել հայկական գինեգործական ձեռնարկություններին ընդլայնել իրենց արտադրանքի արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ, ինչպես նաև նոր գործընկերներ գտնելը»,– ասվում է հաղորդագրությունում։
Հայկական գինիների համտեսին հրավիրվել է խոշոր առևտրային ցանցերի, գինու ներկրմամբ և ռեստորանային բիզնեսով զբաղվող կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ, ինչպես նաև գինեգործության բնագավառը լուսաբանող անվանի լրագրողներ և սոմելիեներ։
Բացի տարբեր գինիների համտեսից` այցելուները կարողացել են համտեսել նաև հայկական լավաշ, պանիր և քաղցրեղեն։
Միջոցառման կազմակերպիչներն են` Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Զարգացման հայկական գործակալությունը, ԵՄ–ում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունը, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը` գինեգործության ոլորտի պետական աջակցության ծրագրով։