Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին կազմակերպության շրջանակներում տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր է բարձրացրել:
Նազարբաեւը ԵԱՏՄ առաջնորդներին կոչ է արել քննարկել Սեւ եւ Կասպից ծովերի՝ նավարկելի ճանապարհով միացման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նազարբաեւը մասնավորապես ընդգծել է խոշոր ենթակառուցվածքային մեգանախագծերի իրականացման համար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: «Դրանց թվում են «Եվրասիա» արագընթաց երկաթուղային ճանապարհը, որը Եվրոպան Ռուսաստանի եւ Ղազախստանի միջոցով կկապի Ասիայի հետ: Մեկ այլ հեռանկարային նախագիծ կլիներ «Եվրասիա» նավարկելի ճանապարհի կառուցումը, որը թույլ կտա Սեւ ծովը ջրային ճանապարհով կապել Կասպից ծովի հետ: Սրանք, իհարկե, խոշոր ծրագրեր են, սակայն մենք պետք է սկսենք իրականացնել դրանք: Այլ կերպ ասած՝ ԵԱՏՄ-ի ենթակառուցվածքը կարող է լավ կամուրջ դառնալ Ասիայի եւ Եվրոպայի, Արեւելքի եւ Արեւմուտքի, Խաղաղ օվկիանոսի եւ Ատլանտյան օվկիանոսի միջեւ»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ղազախստանի նախագահը: