Հունաստանը դառնում է եվրոպական գազային միջանցք եւ առաջիկա տարիներին կարող է գրեթե չորս անգամ ավելացնել հարեւան երկրներ գազի արտահանման իր կարողությունները նոր զարգացող ենթակառուցվածքների շնորհիվ:
Մինչեւ 2025 թվականը Հունաստանը կարող է գրեթե չորս անգամ ավելացնել գազի արտահանման հզորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտարարել է երկրի գազային ցանցի օպերատոր DESFA-ի գործադիր տնօրեն Մարիա Ռիտա Գալլին, գրում է News.am-ը։
Ուկրաինայի պատերազմից հետո Հունաստանն այս տարի ավելի քան կիսով չափ կրճատել է ռուսական գազի ներմուծումը՝ փոխարենը ավելացնելով հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, հիմնականում ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից։
Ռուսական գազից իր կախվածությունն էլ ավելի նվազեցնելու համար Հունաստանը հույսեր է կապում առնվազն եւս երկու լողացող պահեստարանների եւ ռեագազիֆիկացիոն կայանքների (FSRU) կառուցման հետ, որոնք կարող են շահագործման հանձնվել մինչեւ 2024 թվականը: Այս տարվա սկզբին գործարկվել է նոր գազատար, որով գազը մատակարարվում է Բուլղարիա։
«Սա պայմաններ է ստեղծում, որպեսզի Հունաստանը մինչեւ 2025 թվականը գրեթե չորս անգամ ավելացնի իր արտահանման կարողությունները հարեւան երկրներ»,-ասել է Գալլին։
Նրա խոսքով՝ մատակարարումների անվտանգությունն ամենամեծ խնդիրն է, որին բախվում է Եվրոպան։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել է, որ առաջիկա տարիներին Հունաստանը կարող է ունենալ մինչեւ չորս նոր ՀԲԳ տերմինալ: Նա նաեւ ասել է, որ Եվրոպան պետք է նոր էներգետիկ «հավասարակշռություն» գտնի այս տարվա սկզբին գազի գների բարձրացումից հետո, եւ որ ռուսական գազը չի կարող վերացվել առանց գազի նոր արդյունահանման մեջ ներդրումների:
«Մենք պետք է իրատես լինենք, որ գազը որոշ ժամանակ մեզ հետ կլինի»,-ասել է նա։