Ապրիլի 24-ին ընդառաջ լարվածությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ավելի է մեծանալու։
Ապրիլի 24-ին ընդառաջ Ադրբեջանը սադրիչ գործողությունների կդիմի. Կոմանդոս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ մարտի 24-ին նման կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս)։
Նրա խոսքով՝ իշխանություններն ու բանակի հրամանատարական կազմը շատ լավ հասկանում են, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակառակորդը դիմելու է տարբեր սադրիչ գործողությունների։
«Ադրբեջանական կողմը դիմելու է պրովոկացիաների. դիվերսիոն հարձակումներն ավելի շատ կլինեն, հայկական գյուղերի վրա էլ ինտենսիվորեն կրակ կբացեն։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի՝ կանգնեցնելու ադրբեջանական կողմին։ Պետք է միասնական լինենք, հայ զինծառայողը պետք է հասկանա, որ պատերազմի ազատամարտիկներն իր կողքին են»,- ասաց Կոմանդոսը։
Այնուամենայնիվ, եթե պատերազմ վերսկսվի, գեներալ-մայորը համոզված է՝ Ադրբեջանը՝ որպես պետություն, կվերանա։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: