iPhone-ի համաշխարհային մատակարարումները ժամանակավորապես կսահմանափակվեն Չինաստանում Apple-ի մատակարար ձեռնարկությունների աշխատանքներում առաջացած բարդությունների պատճառով:
Apple-ը կորոնավիրուսի պատճառով սահմանափակում է iPhone-ի համաշխարհային մատակարարման ծավալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ բարդություններն առաջացել են կորոնավիրուսի ստեղծած համընդհանուր ճգնաժամային իրավիճակի հետևանքով: Այդ մասին ասված է ընկերության փետրվարի 17-ի հաղորդագրության մեջ, գրում է Tert.am-ն:
Նշվում է, որ Չինաստանում պահանջարկի նվազման պատճառով Apple-ի եկամուտներն ընթացիկ եռամսյակում ավելի ցածր կլինեն նախկինում հայտարարված կանխատեսվող ցուցանիշներից:
«Չինաստանում մեր բոլոր խանութները, ինչպես նաև գործընկեր խանութներից շատերը փակվել են: Բացի այդ, բաց խանութներն աշխատում են կրճատված ժամերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հավաստիացրել է, որ Չինաստանում մանրածախ առևտրի կենտրոնները առաջին հնարավորության դեպքում կվերաբացվեն:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: