««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը հունիսի 14-16-ը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի տարածքում կազմակերպել է «Հերոսների հետքերով» երիտասարդական, ռազմահայրենասիրական, ճանաչողական ճամբար:
««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր ճամբար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԿ նախագահ Արթուր Հայրապետյանն ասել է, որ «Հերոսների հետքերով» երիտասարդական, ռազմահայրենասիրական, ճանաչողական ճամբարի նպատակն էր երիտասարդությանը հնարավորինս ճանաչելի դարձնել հայրենի բնօրրանն ու ծանոթացնել նրա գյուղերի տեղադրվածությանը:
«Արշավը մեկնարկել էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից՝ ավարտվել Տիգրանակերտում:Մասնակցել են մոտ 50 հոգի՝ ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության անդամներ, երիտասարդներ ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերից: Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ փրկության բանալին միասնականության մեջ է, իսկ մեր անվտանգության միակ երաշխավորը հայկական զինված ուժերն են՝ ի դեմս հայկական բանակի: Այսօր մեր առջև դրված ամենակարևոր պահանջը մեր երկրի անվտանգության ապահովումն է:
«Հերոսների հետքերով» ճամբարի հիմնական խնդիրներն էին երիտասարդների մոտ հնարավորինս զարգացնել և ուսուցանել տեղանքում արագ կողմնորոշվելու, բնակչությանը պատսպարելու և տարհանելու հմտություններ, անցկացնել ռազմահայրենասիրական և մշակութա-առողջարարական միջոցառումներ՝ նպաստելու երիտասարդների անձնական շփումներին ու առողջության ամրապնդմանը: Ծրագրի շրջանակներում ամեն օր կազմակերպվում էին հանդիպումներ արցախյան ազատամարտի մասնակիցների հետ, մշակութային ծրագրեր և այլ միջոցառումներ»,-մասնավորապես ասել է նա: