Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակում է իրականացվել, անձնակազմը փրկվել է:
Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակում է իրականացվել. անձնակազմը փրկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ իրանական և արաբական լրատվամիջոցներին հղումով:
Խոսքը Նորվեգիայի դրոշի ներքո նավարկող Front Altair և Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous նավերի մասին է: Al-Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ առաջին նավը խորտակվել է, մինչդեռ Reuters գործակալությունը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ այն դեռ այրվում է:
Թայվանի պետական էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Front Altair նավի վրա, որը վառելիք էր տեղափոխում Մերձավոր Արևելքից, հավանաբար, տորպեդ է ընկել:
Օմանի իշխանությունները հաստատել են միայն նորվեգական նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, երբ այն գտնվել է Իրանի տարածքային ջրերում:
Նավի անձնակազմի 44 անդամները փրկվել են Իրանի փրկարար ծառայությունների կողմից և անվտանգության մեջ են:
Ինչ վերաբերում է երկրորդ նավին, որը մեթանոլ էր տեղափոխում, դրա կմախքը վնասվել է, անձնակազմի 23 անդամները լքել են նավը, հայտնել են Kokuka Courageous BSM Ship Management սինգապուրյան ընկերության ներկայացուցիչները: