Ուկրաինայի Խերսոն քաղաքում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն, որին մասնակցել են Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Խերսոնի քաղաքապետ Վլադիմիր Միկոլաենկոն, Խերսոնի քաղաքյին խորհրդի պատգամավորներ, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) Խերսոնի, Կիրովոգրադի, Նիկոլաևի մարզային կառույցների նախագահներ և անդամներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Խերսոնում խաչքարի բացման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությունը կազմակերպել է ՈՒՀՄ-ն՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Խերսոնի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշվախ է. «Գլխավոր հյուպատոս Ղուլյանն իր ելույթում բարձր գնահատեց ՈւՀՄ-ի՝ ի դեմս նախագահ Վիլեն Շատվորյանի, կատարած աշխատանքները հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում: Շնորհակալություն հայտնելով Խերսոնի քաղաքապետին աջակցության համար` Հայկ Ղուլյանը հույս հայտնեց, որ երկու երկրների վարչատարածաքային միավորների միջև համագործակցությունը չի սահմանափակվի միայն մշակույթի ոլորտով, այլ նաև կներառի առևտրատնտեսական և այլ ոլորտներ՝ ի բարօրություն եղբայրական ժողովուրդների: Խաչքարի օծման արարողության ավարտից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքային հանդիպում ունեցավ Խերսոնի քաղաքապետի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ թվում տեղակայված խաչաքարին հարող տարածքը Հայկական պուրակ անվանակոչելու հնարավորությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում անցկացվելիք ցուցահանդեսներին ու գործարար համաժողովներին Խերսոնի պատվիրակությունների մասնակցության հնարավորությանը: Կողմերը քննարկեցին նաև արդյունաբերության և նավահանգիստների շահագործման ոլորտներում հնարավոր փոխշահավետ ներդրումներին վերաբերող հարցեր»: