System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը կգլխավորի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժյուրին։
Հայտնի է Սերժ Թանկյանի երաժշտական մարտահրավերի ժյուրիի կազմը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Creative Armenia-ից՝ հավելելով. «Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրին արդեն հայտնի է։ Հայտերը կգնահատեն եւ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակի հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեբու Սիմոնյանը, ջազ-ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր-դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք-աստղ ու մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։ Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտաները։ Կարո՞ղ եք ավարտել այն։ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, իսկ մրցանակը կազմում է 5,000 ԱՄՆ դոլար։ Հավելյալ տեղեկությունների եւ դիմումների համար այցելե’ք www.serjtankianchallenge.com: Ստեղծարար մարտահրավերների շարքը ձեզ է ներկայացնում Creative Armenia-ն, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով»։