Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը:
ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը բոլորին տալիս է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: «Սահմանադրությունը հստակ բաժանում է պետությունը և կրոնական կազմակերպությունները: Այն ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահպանող: Քրիստոնեական փոքրամասնության կրոնական խմբերը ազատ են եղել իրենց գործողություններում»,- ասված է զեկույցում: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի 3.1 միլիոն բնակչության 92 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են: Մնացած կրոնական խմբավորումները, որոնք չունեն երկրի բնակչության 1 տոկոսից ավելիի աջակցությունը, կազմում են կաթոլիկները, հայկական Մխիթարյան միաբանության կաթոլիկները, ուղղափառ քրիստոնյաները, ավետարանականները, հիսունականները, խարիզմատիկ քրիստոնյաները, Եհովայի վկաները, մորմոնները, ասորիները, եզդիները, հրեաները, շիա և սունի մահմեդականները: «Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռան շուրջ գտնվող բնակավայրերում և զբաղվում են գյուղատնտեսությամբ, հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են Հայաստանի հյուսիսային շրջաններում, հրեաներից շատերը, մորմոններն ու ուղղափառ քրիստոնյաները` Երևանում: Հայաստանում կա նաև մահմեդականների փոքր համայնք, որոնց մեծ մասը շիաներ են: Նրանք հիմնականում Իրանից են և Մերձավոր Արևելքի երկրներից»,- նշված է Պետդեպի հրապարակած զեկույցում: Նշվում է, որ ՀՀ սահմանադրությամբ յուրաքանչյուրին տրված կրոնի ազատության իրավունքը ներառում է նաև կրոնական համոզմունքները փոխելու իրավունքը: «Սահմանադրությունը նաև որոշ սահմանափակումներ է դնում, ինչը միտված է պետական անվտանգության ապահովմանը, հասարակական կարգի պահպանմանը, մարդկանց իրավունքների և ազատությունների ապահովմանը: Սահմանադրությունն արգելում է կրոնական ատելության սերմանումը, այն կրոնական փոքրամասնություններին թույլ է տալիս պարտադիր զինվորական ծառայության փոխարեն անցնել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն»: