Բելառուսի Գերագույն դատարանն այսօրվա՝ փետրվարի 7-ի նիստում մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։
ԼՂՀ ԱԳՆ-ի բացառիկ մեկնաբանությունն «Արցախպրես»-ին՝ Լապշինի գործով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս կապակցությամբ «Արցախպրես»-ի հարցադրմանն ի պատասխան՝ ԼՂՀ ԱԳՆ-ից մեկնաբանել են, որ Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։
«Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից»,- ասված է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Նշենք, որ Ալեքսանդր Լապշինի և նրա փաստաբանների բողոքը Բելառուսի Գերագույն դատարան էր ներկայացվել փետրվարի 6-ին։ Դատարանը բառացիորեն մի քանի ժամում վճիռ է կայացրել, ինչը վկայում է դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։