Ապրիլի սկզբին հայրենիքի պաշտպանության ժամանակ ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի բուժմանը նվիրված «Շնորհակալ ենք, հայ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով համերգն անցավ լեփ լեցուն դահլիճում՝ լի հայրենասիրական և հուզիչ կատարումներով:
Հանուն զինվորի առողջացման բարեգործական համերգները շարունակական կլինեն. առաջինը ծառայեց նպատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երաժշտական ամենատարբեր ժանրերում ստեղծագործող հինգ կատարողների միավորել էր ցանկությունը օգնելու ծանր մարտերում իր առողջությունը չխնայած Ռուբեն Առաքելյանին: Բարեգործական համերգի միտքը Հայկ Պետրոսյանինն էր, ով գտել էր համախոհների՝ The Beautified Project ռոք խմբին և մենակատար Անդրե Սիմոնյանին, երգչուհիներ Սոնա Ռուբենյանին և Նարինե Դովլաթյանին, ժողովորդական երգերի կատարող Սևակ Ամրոյանին, և իրագործել գաղափարը:
Համերգի նախաձեռնող Հայկ Պետրոսյանի խոսքով, երբ փորձում էր գրել սցենարը, որով պիտի ընթանար միջոցառումը, սկզբից ցանկանում էր պատմել ֆիդայական շարժման մասին՝ Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, հետո անցում կատարել արցախյան պատերազմի մարտիկներին՝ գալով մերօրյա հերոսներին, բայց հասկացավ, որ այս համերգի մասնակիցները հայրենասիրության պակաս չունեն: «Մենք այսօր հավաքվել ենք մեր եղբոր համար, որ քիչ թե շատ թեթևացնենք նրա ընտանիքի հոգսը»,-ավելացրեց երգիչը: Համերգի ժամանակ, իհարկե, հիշատակվեցին հին ու նոր հերոսները՝ Լեոնիդ Ազգալդյանը, Դուշման Վարդանը, Մոնթե Մելքոնյանը, Բեկոր Աշոտը, Թաթուլ Կրպեյանը… Արցախի հերոս 20-ամյա Ռոբերտ Աբաջյանը:
Համերգի ժամանակ հնչեցին մեծամասամբ հայալեզու երգեր: Սևակ Ամրոյանն ու Հայկ Պետրոսյանը կատարեցին հայ զինվորների սիրելի «Մարտիկի երգը», Նարինե Դովլաթյանն ու Անդրե Սիմոնյանը Ռաֆայել Պատկանյանի հայտնի «Արի, իմ սոխակ» օրորոցայինը, Սոնա Ռուբենյանը հանդիսատեսին հուզեց «Արշալույսը նոր էր բացվել», «Հայաստան» կատարումներով, Սևակ Ամրոյանը մարտական ոգի ապահովեց «Ախպերս ու ես» երգով, իսկ Հայկ Պետրոյսանը բացի մի քանի հեղինակային երգերից կատարեց նաև «Տալվորիկի զինվորն եմ քաջ» երգը: The Beautified Project խումբը ներկայացրեց «Կիլիկա» երգի իր տարբերակը, որն արդեն շատ սիրելի է դարձել հայ հանդիսատեսին: Խումբը դուետով հանդես եկավ Սոնա Ռուբենյանի հետ ու կատարեց համերգի միակ անգլալեզու երգը՝ «Wait»-ը: Համերգն ամփոփվեց հոտնկայս՝ Հայոց բանակի հիմնով՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ով:
Անդրե Սիմոնյանի խոսքով՝ իրենք ձգտում են մարդկանց հիշեցնել, որ միայն խոսելով ու սոցիալական ցանցերում ակտիվությունը բավական չէ, յուրաքանչյուր ոք իր մասնագիտության մեջ որևէ բան պիտի անի, որ սահմանին կանգնած զինվորին աջակցի: «Եթե պետք լինի, իրենց կողքին ենք, իսկ հիմա էլ այստեղից ենք փորձում սատարել նրանց»,-նշեց խմբի մենակատարը: Խմբի վոկալիստ և դաշնակահար Առլեն Շավերդյանը սահմանին կանգնած զինվորներին ցանկացավ փոխանցել. «Ուժեղ լինեն, իմանան, որ տղերք կան քաղաքում, ովքեր իրենց մեջքին կանգնած են ու որ պետք լինի, մենք կարող ենք նրանց միանալ»:
«Ախպերս ու ես» երգի կատարող Սևակ Ամրոյանն ուրախությամբ նկատեց, որ մարդիկ ավելի հոգատար են դարձել և ուզում են համերգի գալով օգնել մեկ ուրիշին: «Սահմանին կանգնած հայ զինվորներին կցանկանամ միայն առողջություն, խիզախություն, իրենց լավ նայեն: Մենք հպարտանում ենք նրանցով, Աստված պահապան լինի բոլորին»: Երգիչը պատրաստվում է զինծառայողներին նվիրված երգի տեսահոլովակ առաջիկայում թողարկել, ինչպես նաև իր երկրպագուներին կուրախացնի հայրենասիրական ոճի երգերի ձայնասկավառակով:
Համերգի կազմակերպիչները նշեցին են, որ այն շարունակական է լինելու, միանալու են նոր երգիչներ, իսկ օգնությունը հիմնականում տրամադրվելու է վիրավոր զինծառայողներին: «Ցանկանում ենք, որ համերգները շարունակական բնույթ կրեն ու օգնենք այլ զինվորների ևս»,-ասաց համերգի կազմակերպիչ Ալեքսանդր Մհերյանը: Նա նշեց, որ նմանատիպ համերգի առաջին փորձն էր, բայց արձագանքը դրական էր, իսկ տոմսերը սպառվեցին մի քանի օրում: «Կփորձենք հաջորդ համերգն ավելի մեծ դահլիճում անցկացնել, որպեսզի մեծ թվով մարդիկ մասնակցեն, ու նաև ավելի մեծ լինի հասույթը»,-ասաց կազմակերպիչը:
Հանգանակված գումարը հանձնվեց Ռուբեն Առաքելյանի մայրիկին, ով խոստացավ, որ իր տղան անպայման բուժվելու է ու կրկին շարք վերադառնա:
Համերգին ներկա էր նաև սիրված դերասան Վարդան Պետրոսյանը: