Facebook ընկերությունը հանդես է եկել ի պաշտպանություն Apple ընկերության, որը հրաժարվել է օգնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ը կոտրելու հարցում:
Facebook-ն աջակցել է Apple-ին` iPhone-ը կոտրելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ պայքարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆորնիայի դատարանը վճռել է, որ Apple ընկերությունը պետք է օգնի Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոտրել Սան Բերնարդինոյի երկու ահաբեկիչներից մեկի iPhone-ը։ Apple-ը հայտարարել է, որ կհակառակվի որոշմանը։
«Մենք կշարունակենք պայքարն ընդդեմ գործողությունների, որոնք պահանջում են ընկերություններից թուլացնել իրենց համակարգերի պաշտպանությունը»,- հայտարարել է աշխարհում ամենահայտնի սոցկայքերից մեկի օպերատորը։
Ավելի վաղ Apple-ին իրենց աջակցությունն էին հայտնել Google և WhatsApp ընկերությունները։
Անցած տարվա դեկտեմբերին Սաիդ Ռիզվան Ֆարուքը և նրա կինը՝ Թաշֆին Մալիքը, Սան Բերնարդինոյում 14 մարդու են սպանել և 21 հոգու վիրավորել: Նրանք այնուհետ մահացել են իրենց հետապնդող ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ ահաբեկիչները սոցցանցերում իրենց համակրանքն էին հայտնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ, գրում է РИА Новости-ն:
Քննիչները վստահ են, որ հեռախոսում չափազանց կարևոր տեղեկություններ կան, իսկ այն պաշտպանված է գաղտնաբառով: Տասն անգամ սխալ գաղտնաբառ հավաքելու դեպքում հեռախոսը մեխանիկորեն ջնջում է ողջ տեղեկությունը: