Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում մտածում ու գործում են Արցախի էջը փակելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ բախումներից խուսափելու պատճառաբանություններով, թող ուշադիր նայեն ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմի գործողություններին։
Մեկ կողմի զիջումային խաղաղասիրությունը, մյուս կողմի շարունակական թշնամանքի պայմաններում, բերելու է նորանոր զիջումներ ու ողբերգություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Ըստ նախկին պաշտոնյայի՝ ի հակառակ Ալիևի բանավոր խոստումներին ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ գնալով ավելի պաշտոնական մակարդակի են բարձրանում:
«Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը Հայաստանի մասին, որը լեցուն է պատմական և իրավաքաղաքական կեղծ տերմիններով ու պնդումներով, հերթական ագրեսիվ ակտն է Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ: Քանի դեռ Արցախի ժողովրդի իրավունքները չեն վերականգնվել սեփական հայրենիքում, իսկ Ադրբեջանում էլ արմատախիլ չի արվել հայատյացության ռասիստական համակարգը, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել: Հակամարտության մեկ կողմի զիջումային խաղաղասիրությունը, մյուս կողմի շարունակական թշնամանքի պայմաններում, բերելու է նորանոր զիջումներ ու ողբերգություններ»,- գրել է Բեգլարյանը: