Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախմբի և Արցախի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:
Արցախի Ազգային նվագարանների և Արցախի պետական կամերային նվագախմբերը հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը մեկնարկել է Մակար Եկմալյանի «Սուրբ Սուրբ» ստեղծագործությամբ, որը հարգանքի տուրք էր և երախտագիտության արտահայտում սուրբ նահատակների հիշատակին:
Արցախի Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ համերգին պատրաստվել են մի ամբողջ տարի:
«Համերգի ընթացքում հնչել են նաեւ հանրությանը քիչ ներկայացված ստեղծագործություններ: Եվ քանի որ նախորդ համերգներին մեր նվագախումբը ելույթ էր ունենում առանց թառահարի եւ քամանչահարի, իսկ այսօրվա համերգային ծրագիրը բավականին ծավալուն էր, մեզ միացան Արցախի պետական կամերային նվագախմբի ջութակահարները, և ես առաջարկեցի ամբողջ կամերային նվագախմբի երաժիշտների հետ համատեղ համերգ կազմակերպել: Սա նաև հնարավորություն է փորձի փոխանակման: Մենք ներկայացնում ենք ազգային, դասական երաժշտություն` ակադեմիական մակարդակով, բայց ազգային նվագը յուրահատուկ նշանակություն ունի, և երկու կոլեկտիվների համար էլ սա արդյունավետ նախաձեռնություն է»,-մանրամասնել է Լ. Սարդարյանը:
Երեկոյի ընթացքում հանդիսատեսին են ներկայացվել մոնումենտալ ստեղծագործություններ, առավել բարդ ու բազմաձայն, հնչեղ կատարումներ: Երաժիշտների նվագն ուղեկցվում էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների կատարումներով:
Համերգը եզրափակվել է Հասմիկ Հախվերդյանի «Իմ Արցախ» ստեղծագործության կատարմամբ: