Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն այսօր 140 տնտեսություն ունի։
Շրջափակում, օր 99-րդ. Աստղաշեն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը։
«Բնակչության գերակշիռ մասը երիտասարդներ են։ 80 տոկոսի զբաղվածությունն էլ գյուղատնտեսությունն է ապահովում։ Մարդիկ հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։ Պետք է նշեմ, որ վերջինիս նկատմամբ բնակչության հետաքրքրությունը նվազել է։ Ունենք ընդամենը 70 խոշոր և 150 մանր եղջրավոր կենդանի։ Ընթացիկ տարում համայնքում կատարվել է մոտ 300 հեկտար աշնանացան. 213 հեկտարը՝ ցորեն, իսկ 87-ը՝ գարի։ Նախատեսում ենք կատարել նաև գարնանացան։ Կցանենք եգիպտացորեն, արևածաղիկ, կարտոֆիլ, ինչպես նաև բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքս կկատարենք։ Պետության կողմից գյուղացիներին կարտոֆիլի սերմացու է տրամադրվել»,-ներկայացրել է Ա․Գրիգորյանը։
Համայնքապետի խոսքով՝ գյուղում երկու ջերմոցային տնտեսություն ունեն։ Իսկ որպես հետպատերազմական շրջանի կարևոր ձեռքբերում` համայնքապետը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մայրուղուց գյուղ եկող ճանապարհի ասֆալտապատումն առանձնացրեց. այն անխոչընդոտ դարձրեց Աստղաշեն-Ստեփանակերտ երթևեկությունը։
«Բարերար Վիլհելմ Կարապետյանի և նրա ընտանիքի կողմից միջհամանքային ճանապարհների որոշ հատվածներ սալապատվել են, իսկ գյուղի երեխաների համար լողավազան է կառուցվել»,-ներկայացրել է մեր զրուցակիցը` հավելելով` Աստղաշենում նաև աղբահավաք մեքենա է գործում, որպեսզի համայնքը միշտ մաքուր ու գեղեցիկ լինի։
Անդրադառնալով գյուղի խնդիրներին՝ Ա. Գրիգորյանը առանձնացրել է մշակույթի տան, բուժկետի վերանորոգման, գիշերային լուսավորության ապահովման անհրաժեշտությունը։ Ոռոգման ջուր չունեն, օգտվում են արտեզյան ջրհորից։
«Բայց այդ ամենից մենք չենք տրտնջում։ Սովոր ենք, կհաղթահարենք։ Միայն թե Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվի, հայրենիքում հարատև խաղաղություն հաստատվի, մենք էլ շարունակենք էլ ավելի մեծ նվիրումով շենացնել մեր գյուղը»,-ընդհանրացրել է Աստղաշեն համայնքի ղեկավարը։