Շրջափակումը բացասական է ազդել ինչպես Հանրապետության կենսագործունեության մյուս բոլոր ոլորտների, այնպես էլ մշակույթային կյանքի վրա:
Ի՞նչ խնդիրներ է առաջացրել շրջափակումն Արցախի մշակութային կյանքում. պարզաբանում է փոխնախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Եղել են ծրագրված մշակութային միջոցառումներ, որոնք շրջափակման հետևանքով, ցավոք, չեն կայացել: Հիմնական խանգարող գործոնը եղել է ձմռան ցուրտ եղանակներին ջեռուցման մեկընդմեջ, երբեմն նաև իսպառ բացակայութունը: Այնուամենայնիվ՝ որոշ միջոցառումներ իրականացրել ենք»,-մանրամասնեց Լ. Հովհաննիսյանը:
Այդ առումով փոխնախարարն ընդգծում է, որ շրջափակման հետևանքով տուժում են նաև մշակութային փոխադարձ կապերը:
«Ուստի, ձգտում ենք դրանք հնարավորինս իրականացնել առցանց եղանակով: Կոմիտասի անվան մեր երաժշտական դպրոցի աշակերտներն անմիջական մասնակցություն են ունեցել «Մեղեդի» մրցույթին,սակայն մրցանակային տեղեր զբաղեցրածները գալա համերգին մասնակցելու հնարավորություն չունեցան՝ միջանցքի փակ լինելու պատճառով»,-ասել է Լ. Հովհաննիսյանը:
Իրականացված միջոցառումներից փոխնախարարը կարևորել է նաև Ստեփանակերտում Շուշիի Կերպարվեստի թանգարանի փրկված գեղանկարների «Մշուշի միջից» խորագրով ցուցահանդեսը, որը բացվել է Արցախյան շարժման 35-ամյակին ընդառաջ:
Համացանցում և մամուլում լայն արձագանք է ստացել նաև կրկին Շարժման տարեդարձի առթիվ կազմակերպված պարային ֆլեշմոբը, որը խորհրդանշում էր Արցախի միասնականությունն ու ապրելու կամքը:
Շրջափակման պայմաններում էլ իր առաքելությունն է շարունակում Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը:
Փոխնախարարի տեղեկատվությամբ՝ վերջերս Մարտակերտի շրջանում ուսումնասիրություններ են կատարվել, վկայագրվել՝ նորահայտ խաչքարեր:
«Այդ աշխատանքնի իրականացման համար խնդիր է տրանսպորտային վառելիքի պակասը: Կան դեռ չուսումնասիրված վայրեր, և օբյեկտներ, հատկապես՝ Մարտակերտի շրջանում: Վառելիքի խնդրի լուծման դեպքում կկարողանան ընդլայնել այդ և մյուս աշխատանքները»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:
Նրա փոխանցմամբ՝ ներկայում խնդիր կա Արցախի պատմաերկրագիտական թանգարանի շենքի ջեռուցման հետ կապված, ինչն հետևապես այցելությունների հետ է կապում,նա մտածում է , որ եղանակի տաքանալուն պես այդ հարցը կլուծվի։
Անդրադառնալով մշակույթի պահպանմանը ու տարածմանը միտված երիտասարդական նախաձեռնությունների աջակցության հարցին, Լեռնիկ Հովհաննիսյանը շեշտեց, որ նախարարությունը կողմ է դրանց :
«Մշակութային քաղաքականության կարևոր գործառույթներց մեկն էլ, եթե ոչ հիմնականը, մշակույթի հետ մարդկանց ակտիվ շփումն է և նրանց լայն ներգրավումը միջոցառումներին: Մենք կողմ ենք մշակույթի ապակենտրոնացմանը: Այդ ասպարեզում մարդկանց ինքնարտահայտումը կարող է լինել և պետական աջակցությամբ, և՝ խմբային ու անհատական:»- պարզաբանել է նա: