Արցախի աղջիկների ֆուտբոլի թիմը հաղթանակով է վերադարձել էր Երևանում կայացած «Ասսարյան ազգային մրցաշար»-ից, որը մեկնարկել էր ընթացիկ տարվա հուլիսի սկզբին և տևել երկու շաբաթ։
Արցախի ֆուտբոլիստուհիների թիմը «Ասսարյան ազգային մրցաշար»-ի հաղթող է ճանաչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ առաջնությունն անց է կացվել «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ։
Մրցաշարին մասնակցում էր ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 80 թիմ։ Հաղթանակով ավարտելով Հրազդանի և Շիրակի թիմերի հետ խաղերը, արցախցի ֆուտբոլիստուհիները եզրափակչում մրցել են Սյունիքի թիմի հետ։ Համառ պայքարի արդյունքում՝ 3։0 հաշվով, հաղթանակ գրանցելով, Արցախի թիմը նվաճել է մրցաշարի գավաթը։
ԱՀ ԿԳՄՍՆ-ից հավելել են, որ սպորտում կանանց ներկայացվածությունը մեծացնելու նպատակով «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» կրթական հիմնադրամը (GOALS – Girls of Armenia Leadership Sport) Հայաստանի 8 մարզերում և Արցախում հիմնել է կանանց ֆուտբոլային լիգաներ. շուրջ 80 թիմում ներգրավված շուրջ 1000 երեխաներն այստեղ հաճախելով` հնարավորություն ունեն զարգացնել ֆիզիկական կարողությունները, վարել առողջ ապրելակերպ։ Արդեն ավանդական դարձած ազգային մրցաշարն այս տարի անց է կացվել «Գերի և Լինդա Ասսարյան» հիմնադրամի աջակցությամբ։
Նկարը՝ GOALS-ի