Այսօր՝ հունիսի 30-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է «Մանկության երազներ» խորագրով նկարչական ցուցահանդես՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակում։
«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել
ԱՐՑԱԽՊՐԵՍ, 30 հունիսի, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Մանկության երազներ» խորագրով ցուցահանդեսին մասնակցել են Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կյանքի կոչված նկարչության խմբակների 16 սաներ՝ 4-16 տարեկան:
Ներկայացվել՝ շուրջ 140 աշխատանք: Մեզ հետ զրույցում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ընդգծել է, որ ցուցահանդեսի նկարները դասավորվել են ժամանակագրական հերթականությամբ՝ պատերազմից մինչև ներկա օրեր:
«Նկարչության խմբակը սկսել է գործել դեռևս պատերազմի օրերին, երբ մեր գրասենյակը նախաձեռնեց ծրագիր տեղահանված երեխաներին համախմբելու և արվեստի գույներով նրանց կյանքը լուսավորելու նպատակով:
Բացի նկարչությունից, կային նաև արվեստի այլ խմբակներ՝ Երևանում, Աբովյանում և Դիլիջանում:
Երեխաներն այնքան սիրով էին մասնակցում խմբակներին, որ որոշեցինք Արցախում էլ բացել: Այստեղ բացված առաջին խմբակներից մեկը նկարչականն էր: Նման ցուցահանդես արդեն 3-րդ անգամ ենք կազմակերպում»,- տեղեկացրել է Հ. Ավագյանը:
Ստեփանակերտում գործող խմբակի դասընթացավար Գեղանուշ Սարգսյանը նշել է, որ փոքրիկ նկարիչներից շատ բան է սովորել:
«Սովորել եմ արժևորել յուրաքանչյուր գիծ ու երանգ:
Ամեն անգամ իրենց հետ մանկանում եմ և հասկանում, որ Արցախում ապրող յուրաքանչյուր երեխա ինքնին հայրենասեր է: Այս 140 աշխատանքներում յուրաքանչյուրը կարող է տեսնել երեխաների ապրումները՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ դրանից հետո:
Հերթականությամբ դասավորված նկարների խամրած գույներն աստիճանաբար դառնում են գունավոր և վառ:
Այս երեխաները հայկական արժեքների փոքրիկ կրողներն են»,- ասել է Գ. Սարգսյանը:
Ցուցահանդեսի վերջում Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հ. Ավագյանը շնորհակալագրեր է հանձնել դասնթացավարներին: