«Կրթություն հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնվել է «Գիտելիքահեն գյուղացիական տնտեսությունը ինտենսիվ գյուղատնտեսության ապագան է» ծրագիրը, որի շրջանակներում ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում կազմակերպվել են եռօրյա ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացներ։
Մաճկալաշենում ամփոփվել են ագրոկրթության և ագրոմշակույթի ձևավորման դասընթացի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կրթություն հանուն ապագայի» ՀԿ նախագահ Իրինա Գաբրիելյանը տեղեկացրել է, որ դասընթացն ուներ 35 մասնակից` ինչպես Մաճկալաշենից, այնպես էլ հարևան Սոս համայնքից և Մարտունի քաղաքից։
«Դասընթացների շարքը կոչվում է «Ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում», որի շրջանակներում մեր կողմից ՀՀ-ից հրավիրված ICARE հիմնադրամի չորս մասնագետները հանդես եկան ոլորտին առնչվող տարբեր թեմաներով։ Քննարկումներ եղան ջերմատան կոնստրուկցիայի և հիմնադրման աշխատանքների, ջերմատան համակարգերի, գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, հողի կառուցվածքի, ջերմատնային հիմնական մշակաբույսերի(լոլիկ, վարունգ, տաքդեղ, կանաչեղեն) մշակության տեխնոլոգիաների, սորտերի, սուբստրատի ընտրության, ջերմատներում օդի հարաբերական խոնավության, լուսավորության, ջեռուցման, հովացման համակարգերի, ոռոգման, սնուցման, ինչպես նաև ջերմատներում բույսերի պաշտպանության, օգտակար և վնասակար միջատների, հիվանդությունների դեմ պայքարի միջոցների և այլ կարևոր միջոցառումների մասին»,-ներկայացրել է Ի. Գաբրիելյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ մասնակիցների մեծ մասն ունի ջերմատնային տնտեսություն, սակայն մինչև դասընթացները չէր տիրապետում հիմնական գիտելիքներին, քանզի այն դեռ նոր զբաղմունք է համայնքի բնակիչների համար։
«Դասընթացների յուրաքանչյուր օրվա երկրորդ կեսին մեկ֊երկու տարբեր ջերմատներում պրակտիկ աշխատանքներ էինք ունենում։ Մասնագետների կողմից կոնկրետ օրինակի վրա ցույց էին տրվում տեսական գիտելիքի պրակտիկ արտացոլումը, բոլոր բացթողումները, աճեցման, խնամքի ճիշտ և սխալ կողմերը, մասնագետները նաև իրենք էին և' բացատրում, և' տեղում կատարում բույսի մշակության, խնամքի, էտման գործընթացը։ Դրան հաջորդում էր արդեն մասնակիցների կողմից մասնագետի գործողություններին հետևելը՝ տեղում տեսնելով ու իրականացնելով որոշակի աշխատանքներ։ Բացի դրանից, մասնագետները առանձին մասնագիտական խորհրդատվություն էին անցկացնում յուրաքանչյուր ցանկացող մասնակցի հետ»,-նշել է նա։
Ի. Գաբրիելյանը մանրամասնել է, որ դասընթացների երրորդ օրվա երկրորդ կեսին մասնակիցները հանձնեցին փոքրիկ ստուգարք-քննություն։
Անցողիկ շեմը հաղթահարած, լավագույն արդյունքներ ստացած մասնակիցները ստացել են վկայականներ ICARE հիմնադրամի կողմից:
«Բոլոր պարտաճանաչ և ակտիվ մասնակիցները(ընդհանուր` 31 հոգի) մեր ՀԿ-ի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։ Քանի որ ծրագիրը կրթական է, այս փուլում նախատեսված է ոչ ֆորմալ դասընթացների անցկացումը՝ համայնքների բնակիչների մոտ գյուղատնտեսական գիտելիքների բարձրացման նպատակով»,-ընդհանրացրել է ՀԿ նախագահը։