Փետրվարի 20-ին «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնում կողմից կազմակերպվել է հերթական միջոցառումը՝ մի հարկ տակ համախմբելով տեղահանված արցախցիներին, մշակութային գործիչներին ու մշակույթով հետաքրքրված անձանց:
«Դիզակ արտ» կենտրոնում տեղի է ունեցել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդեսի բացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է «Դիզակ» թերթը։ Արցախյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված՝ ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ կազմակերպված «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով բռնազավթված տարածքների պատմամշակութային հուշարձանների նկարների ցուցահանդեսին ներկա էին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Արցախյան շարժման ակտիվիստներ, մշակութային գործիչներ, հադրութցիներ:
Ներկայացված են 2020թ պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության լուսանկարները. այդ պատմամշակութային հուշարձանները կամ արդենիսկ ոչնչացվել, վնասվել են, կամ գտնվում են ոչնչացման, ինչու չէ՝ նաև՝ կեղծ ուդիական ներկայացվելու վտանգի տակ:
Ներկաներին ողջունեց «Դիզակ Արտ» կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը: Ելույթ ունեցան ՀՀ-ում ԱՀ ՄՆ Սերգեյ Ղազարյանը, ԱՀ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Արմինե Հայրապետյանը, Արցախյան շարժման ակտիվիստ Մանվել Սարգսյանը, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը, որի գլխավոր նպատակն է՝ միջազգային համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական վերահսկողության տակ անցած և վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրների վրա:
Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս` Երևանի Մ. Խորենացի 47/7 հասցեում։