Արդեն երկու շաբաթ է` Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան-առիթմոլոգ Գայանե Աղաբաբյանը անվճար հետազոտություններ ու խորհրդատվություն է անցկացնում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում: Բժիշկն Արցախ է այցելել «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում:
Երևանից ժամանած սրտաբանը Ստեփանակերտում անվճար խորհրդատվություն և հետազոտություններ է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում սրտաբանն ասաց, որ այս օրերի ընթացքում հետազոտել է մոտ 200 պացիենտի:
«Քանի որ այստեղ հիվանդության կանխարգելումը ավելի ուշ է տեղի ունենում, այդ իսկ պատճառով կան ծանր աստիճանի հիպերտենզիաներ, սրտային անբավարարություններ, ունեցել ենք սրտամկանային ինֆարկտով բավականին մեծ թվով պացիենտներ. նրանք դեղորայքը խիստ կանոնավոր չեն օգտագործում: Օրվա մի մասը հետազոտում եմ ստացիոնար բուժում ստացող հիվանդներին, իսկ մյուս մասը՝ դիմողներին. ստացիոնար բաժանմունքի հիվանդները ավելի ծանր վիճակում են գտնվում»,-նշել է Գ Աղաբաբյանը:
Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Ստեփանակերտի ՀԲԿ-ն տեխնիկապես լիովին հագեցած է, և հետազոտությունների անցկացման համար որևէ դժվարություն չի առաջացել:
«Տեղի մասնագետները, իսկապես, շատ լավ վերապատրաստված են, խիստ տեղեկացված, պարզապես քիչ են: Եվ կարծում եմ, որ բոլորիս պարտքն է գալ Արցախ և ինչ-որ կերպ թեթևացնել տեղի մասնագետների աշխատանքը»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին բժշկուհին գտնվում էր Արցախում և բժշկական օգնություն էր ցուցաբերում վիրավորներին, ինչի համար ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Մխիթար Հերացի» մեդալի: