2019թ.-ի մայիսի 9-ին արցախցի մի խումբ երիտասարդներ ՀՀ Դիլիջան քաղաքում «Հեռանկար» հասարակական կազմակերպության ստեղծման հիմքերը դրեցին։ ՀԿ-ի ստեղծման առաջնային նպատակը կրթության և հասարակական ակտիվության զարգացման միջոցով քաղաքացիական նոր և ավելի առողջ հասարակության ձևավորումն էր։
Երիտասարդների գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը. «Հեռանկար»-ն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հեռանկար» հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանն ասել է, որ կազմակերպությունն այնպիսի հարթակ է, որը միավորում է երիտասարդների, ովքեր տեսնում են մեր հասարակության համար մեկ միասնական հեռանկար:
«ՀԿ-ում գործում է 4 ոլորտ՝ «Կրթություն», «Բնապահպանություն և մշակույթ», «Իրավունք և քաղաքացիական հասարակություն», «Սպորտ»։ Մեր բոլոր ծրագրերը իրականացնում ենք նշված ոլորտների շրջանակներում։ 2021թվականի ողջ ընթացքում անց ենք կացրել անգլերենի եռամսյա և ադրբեջաներենի վեցամսյա անվճար դասընթացներ։ Այցելել ենք Արցախի տարբեր համայնքներ, տեղերում ծանոթացել առկա հիմնախնդիրներին և հնարավորինս փորձել լուծել դրանք։ Այցելել ենք պատմամշակութային տարբեր վայրեր, իրականացրել կոթողների և հուշարձանների շրջակայքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ։ Կազմակերպել ենք տասնյակ արշավներ և ուխտագնացություններ։ Սպորտի ոլորտում իրականացրել ենք մրցումներ տարբեր մարզաձևերից՝ վազք, ֆուտբոլ, շախմատ, սեղանի թենիս, որի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին տրամադրել ենք պատվոգրեր և դրամական պարգևներ։ Ինչպես նաև Արցախի սահմանամերձ համայնքներում կազմակերպել ենք սպորտային մրցաշարեր` տարբեր դպրոցների աշակերտների միջև. նաև միջբուհական ինտելեկտուալ խաղեր, թրեյնինգներ, դասախոսություններ և քննարկումներ։ Անց ենք կացրել «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթաց, որը կլինի շարունակական »,-ներկայացրել է Մ. Հովագիմյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ կազմակերպել են նաև բաց քննարկումներ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, Պետնախարար Արտակ Բեգլարյանի, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Կառույցը համագործակցում է նաև ԱՀ Առողջապահության, ԱՀ ԿԳՄՍ նախարարությունների, ՄԻՊ կառույցի և հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Նրա հավաստմամբ՝ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս նախապես հանդիպում են տվյալ ոլորտի մասնագետների հետ, քննարկում իրավիճակը և փորձում համատեղ լուծման ուղիներ որոնել ու հետամուտ լինել դրա շուտափույթ իրականացմանը։
Խոսելով կազմակերպության առաջիկա ծրագրերի մասին՝ Մ. Հովագիմյանը հավաստիացրել է՝ նույն տեմպերով կշարունակեն իրականացնել տարբեր նախաձեռնություններ՝ հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին։ «Շարունակելու ենք անգլերենի, ադրբեջաներենի պարապմունքները և «Առաջին օգնության հիմունքներ» խորագրով դասընթացը։ Նախատեսում ենք շարունակել նաեւ մեր այցելությունները սահմանամերձ համայնքներ՝ ծանոթանալու բնակիչների խնդիրներին՝ հնարավորության սահմաններում աջակցելու միտումով: Դպրոցներում անց ենք կացնելու ինտելեկտուալ խաղ-մրցույթներ։ Շարունակելու ենք բացահայտել Արցախի մշակութային արժեքները և մեր իրավասության շրջանակներում փորձելու ենք պահպանել դրանք: Արցախում գործող յուրաքանչյուր առողջ կառույց իր գործունեությամբ նպաստում է մեր պետության զարգացմանն ու բարգավաճմանը։ Ուստի ամենքս մեզ վրա պարտավորություն պետք է կրենք մեզ վստահված գործը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Պետք է ընդունենք և հասկանանք մեզ նետված մարտահրավերները և փորձենք ճիշտ գործել։ Մենք այսօրվա երիտասարդներն ենք, ում գիտակից գործունեության արդյունքը պետք է լինի մեր վաղվա խաղաղ ու զարգացած պետությունը»,-ընդգծել է հասարակական կազմակերպության մարդկային ռեսուրների կառավարիչ Մարինե Հովագիմյանը: