ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։
Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ առաջարկելով մեզ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու։
ՌԴ Գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և նրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունը»,- ասաց Լավրովը։
Լավրովը տեղեկացրեց, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրա խոսքով, կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում։
Լավրովը նաև ընդգծեց, որ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է՝ անհրաժեշտ է լուծել բոլոր այն հարցերը, որոնք մնում են չլուծված՝ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։