Նախօրեին «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ֊ն կազմակերպեց հայկական երկու հանրապետությունների տնտեսասոցիալական և քաղաքական իրավիճակի մասին բանախոսություն:
Ստեփանակերտում հայկական երկու հանրապետությունների տնտեսասոցիալական և քաղաքական իրավիճակի մասին բանախոսություն է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բանախոսներն էին քաղաքագետ Էդգար Էլբակյանը և տնտեսաքաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
Հրանտ Միքայելյանն իր խոսքում անդրադարձավ հայկական երկու հանրապետությունների և հայության շուրջ գոյացած տնտեսասոցիալական և քաղաքական իրավիճակին:
«Այս բարոյահոգեբանական վիճակից դուրս գալու կարիքը կա և եթե ճիշտ կազմակերպում լինի, հնարավորություններ գոյություն ունեն. և լուրջ պոտենցիալ, այնուամենայնիվ, ժողովրդի մեջ առկա է: Մարդիկ առաջին հերթին պետք է տեսնեն, որ իշխանության մարտավարությունն ու ռազմավարությունն է փոխվում, ինչպես նաև բանակը պետք է վերակառուցվի, նոր տեխնոլոգիաներ դրվեն բանակի մեջ, կազմակերպչական տեսանկյունից և գաղափարախոսական փոփոխություններ պետք է լինեն, որոնք կարևոր են: Հայ-ադրբեջանական հակամարտությունը Արցախով չի սահմանափակվում, մենք տեսնում ենք դրա դրսևորումներն ամեն տեղ, և Ալիևը խոսում է նաև Երևանի մասին, այսինքն չկա ՀՀ-ում որևէ տարածք, որի հավակնությունը նա չունենա», - նշեց Հ. Միքայելյանը:
Էդգար Էլբակյանը խոսեց տեսական մակարդակում առկա մարտահրավերների և լուծման հնարավոր ուղիների մասին։ «Երկրի ապագան կախված է նրա էլիտաներից, թե որքանով են նրանք առկա քաղաքական մարտահրավերին ադեկվատ քաղաքակրթական պատասխան մշակում», - ընդգծեց Է. Էլբակյանը:
Վերջում բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։