ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի բնակիչները պատերազմից անմիջապես հետո վերադարձել են գյուղ:
Ճանկաթաղում վերանորոգվում են պատերազմում զոհված համագյուղացիների տները. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ճանկաթաղ համայնքի ղեկավար Սասուն Վանյանը: Նրա խոսքով՝ ճանկաթաղցիները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով:
«Գյուղում ապրում է 368 մարդ: 2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել է գյուղի դպրոցը, որտեղ սովորում է 58 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. շենքային պայմաններ չկան, բայց գյուղում մանկապարտեզի ենթակա երեխաների թիվը մեծ է։ Համայնքապետարանի շենք չունենք, ունենք բուժկետ. շենքային պայմանները գտնվում են նորմալ վիճակում: Ակումբի շենքային պայմանները բարվոք վիճակում են. 3 տարի առաջ է վերանորոգվել: Հանդիսությունների շենք չունենք. մի քանի տարի առաջ «Բեյզ Մեթլս» ընկերության ֆինանսավորմամբ սկսվել էին վերակառուցման և վերանորոգման աշխատանքները, սակայն պատերազմից հետո դրանք դադարեցվել են և մինչ օրս չեն սկսվել: Այս օրերին գյուղում վերանորոգվում են Արցախյան 3-րդ պատերազմում զոհված 6 համագյուղացիների տները:Պատերազմական գործողություններից հետո գյուղում վերաբնակեցվել է 10 ընտանիք: Ջրի լուրջ խնդիր կա. ջրային ցանցը շատ հին է, որից կարողանում է օգտվել բնակչության 40%-ը միայն։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ, բայց ցանկալի է, որ գազաֆիկացվի»,- նշել է համայնքապետը:
Համայնքն ունի 3633,47 հա տարածք, որից 2701,43 հա֊ը՝ գյուղատնտեսական նշանակության, 764,83 հա֊ը՝ անտառային հողեր։ Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Ս. Վանյանը նշել է, որ հիմնական ուղղություններն են անասնապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումն էլ տուժել է ջրի խնդրի պատճառով, իսկ երիտասարդներից ոմանք աշխատում են հանքում: