Artsakhpress

Հասարակական

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

Պատերազմի ամենաթեժ ու արյունալի շրջաններից մեկն Արցախի Ջրականն էր։ Ծանր էր ոչ միայն առաջնագծում, այլև թիկունքում աշխատող «սպիտակ բանակի» համար։ Հիվանդանոցները թշնամու թիրախում էին, իսկ վիրահատական սեղանին զինվորն էր։

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը

«Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Բժշկուհի Լուսինե Սարգսյանը պատերազմի օրերին, շտապօգնության մեքենայի ղեկին նստած, Ջրականից (Ջաբրայիլ) վիրավորների էր տարհանում, զինհոսպիտալ հասցնում, սլանում Գորիս, այնտեղից թթվածին, պլազմա հասցնում Իշխանաձոր և այդպես շարունակ։ Նրան շատերն ասում էին «սկոռու շոֆեր», թեպետ իրականում Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենն էր։
Врач Лусине Саркисян с коллегами перед зданием амбулатории Ишханадзора
«Ես գնում էի՝ ուր պետք էր՝ առանց մտածելու, վախենալու, իմ կյանքն էդ 18-19 տարեկան տղաների կյանքից թանկ չէր։ Ասում էի՝ Աստված իմ կյանքը տաներ, երկու ջահելի փրկեր, ես գոնե 40 տարեկան եմ, երեխա ունեմ, թող դեռ մի 20 տարի էլ իրենք ապրեին»։

Լոռեցուց արցախցի դարձավ

Լուսինեն ծնունդով Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից է։ 88-ի երկրաշարժը տունը հողին հավասարեցրեց, քույրն էլ հրաշքով փրկվեց։ 2000թ․-ին Լուսինեի մանկավարժ ծնողները տեղափոխվեցին Արցախի Քաշաթաղի շրջան, վերաբնակեցման ծրագրով տեղավորվեցին Իշխանաձոր գյուղում։ Տեղավորվել ասելն այս դեպքում ճոխ է հնչում՝ չկար լույս, չկար ոչ մի հարմարություն, Լուսինեն ասում է՝ իսկական քարե դար էր։ Ինքը ծնողներին մեկ տարի ուշ միացավ՝ համալսարանն ավարտելուց հետո։ Ու ընտանիքը սկսեց զրոյից տուն կառուցել։
Врач Лусине Саркисян
«Ցեխ են շաղախել այս ձեռքերը, քար են կրել այս ձեռքերը, հող են թափել այս ձեռքերը։ Այս տարվա փայտս արդեն կոտրած էր, ես ու հարևանիս տղաներն էինք կոտրել, էդ ամեն ինչը թողեցինք էդ շներին, ոչ թե նյութականացնում եմ, այլ ափսոսում եմ, որ մեր քրտինքն իրենք են վայելում։ Բայց նյութականը ոչինչ է, նորից կստեղծենք, կյանքերը հետ չենք բերի»,-ցավով հիշում է կինը։
2006թ․-ին Լուսինեն նշանակվեց Իշխանաձորի բուժամբուլատորիայի վարիչ, դրանից մի քանի տարի անց՝ արդեն Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն (Իշխանաձորի բուժկետը ևս ենթարկվում էր Կովսականին)։ Թեպետ որպես ղեկավար բազմաթիվ պարտականություններ ուներ, բայց Լուսինեն չդադարեց բժշկական պրակտիկան։ Անցնում էր համայքնից համայնք, գյուղից գյուղ, իսկ հանգստյան օրերին եթե տանն էր, ապա հենց իր տանն էր հիվանդների ընդունում։
«Քաշաթաղում ես 1111 երեխայի եմ ծնունդ տվել, իրենք ինձ հիմա էլ են կյանք և ուժ տալիս»։
Президент Карабаха Бако Саакян награждает врача Лусине Саркисян
Իր միակ դստերը՝ Գրետային, Լուսինեն մեքենայի մեջ է ծննդաբերել․ ասում է՝ շատ զբաղված էր, հանգստանալու ժամանակ չկար, մարդկանց իր օգնությունն էր պետք, ուստի իր վիճակին չէր էլ նայում։ Դժվար ծննդաբերության 8-րդ օրն արդեն աշխատանքի էր։
Врач Лусине Саркисян с семьей
«Արցախը, Քաշաթաղն իմ կյանքն էին․ ոնց որ երեխային ինը ամիս կրծքիդ տակ պահես, հետո․․․ »։

Սեպտեմբերի 27-ը

Սեպտեմբերի վերջին կիրակի օրը Լուսինեն տանն էր․ վաղ առավոտից զբաղված էր լոլիկի պահածո պատրաստելով։
Врач Лусине Саркисян
«7։05-ի կողմերը մի հատ դմփոց եկավ, մտածեցի՝ զորավարժություն են անում, հետո պարզվեց՝ առաջին հարվածը մեր կողմի վրա Որոտանին էր, զինապահեստներին էին ուզում խփել, բայց սարին խփեցին։ Հետո ամուսինս զանգեց, ասաց՝ պատերազմ է սկսվել (Լուսինեի ամուսինը զինվորական է)»։
Պատերազմի հենց առաջին օրերից Իշխանաձորի բուժամբուլատորիայում ծավալվեց զինվորական հոսպիտալ, որը սպասարկում էր Ջրականի դիրքերը։ Ու սկսվեց իսկական դժոխքը․․․
«Ջաբրայիլի դիրքերում մի ամբողջ սերունդ կոտորվեց․ բերում ու բերում էին․․․»,- Լուսինեն կորցնում է ինքնատիրապետումն ու հեկեկալով շարունակում պատմել։
«Գրաֆիտե» բժիշկ՝ ԵՊԲՀ-ի մասնաշենքի պատին
Անօդաչուներն անընդհատ երկնքում էին, թիրախներից էր Իշխանաձորի հիվանդանոցը։ Երբ ասում էին՝ «թաքստոցներով», բոլորը նետվում էին իրենց «փոսը», մնում էին միայն վիրահատող բժիշկները։ Հասկանում էին՝ եթե հարվածի պահին ամբողջ բուժանձնակազմը ներսում լինի, զինվորն առանց օգնության կմնա։ Վիրավորների վիճակը տեղում արագ գնահատում էին՝ որին կարելի է անմիջապես տեղափոխել Գորիս, որին այստեղ պետք է առաջին օգնությունը ցուցաբերվի։ Լուսինեն շեշտում է՝ «ոչ մի զինվոր Իշխանաձորից անշնորհք ձևով դուրս չի եկել», բոլորի վերքերը լվանում էին, սպիտակեղենը փոխում, նոր միայն ճանապարհ դնում։
«Էնքան շատ էին վիրավորները, շտապօգնության մեքենաներում երկու կողմերում պատգարակ էինք դնում, մեկական կապում վերևում, մեջտեղի մասում էլ դոշակներ էինք փաթաթում, դնում, որ էն երեխեքը, որոնք կարող էին նստել, նստեին»։
Զինհոսպիտալում երկու վիրահատական սեղան կար, երկուսն էլ ոչ մի րոպե ազատ չեն մնացել։
«Որ զինվորի վերջույթն էլ ամպուտացրել են, դեն չի նետվել, պատվավոր թաղում եմ արել՝ հիվանդանոցից մի քիչ հեռու»,- Լուսինեի հետ միասին հեկեկում ենք․ հարցերը կոկորդումս են․․․
«Իմ բանակը միշտ էլ մարտունակ է եղել, էդ բանակը ոնց պահեր երկինքը, միջոցներ էին պետք, քարե կարկուտ էր թափվում վերևից։ Երեխեքին որ բերում էին, խփում էին գլխներին, գոռում էին, ասում էի՝ ցավդ տանեմ, դու փրկվել ես, ասում էր՝ բժիշկ ջան, դու չգիտես, թե ինչ եղավ, իմ ընկերների կտորներն իմ վրա էին թափվում․․․»։ Մեր զրույցն այգում է, բայց թվում է՝ նեղ, մութ, անօդ սենյակում ենք նստած․ շնչել չի լինում։
«Ուրալները մեր սուգն էին, բերում էին մի 30 վիրավոր, մի 3-ը ճանապարհին մահանում էին, բոլորը գոռում էին՝ ընկերս, եղբայրս․․․ Թողեք ես էլ մեռնեմ։ Սարսափելի էր»։
Ասում է՝ պատերազմի օրերին հոսպիտալում սանիտար չկար, անգամ ամենապատվավոր բժիշկն էլ սանիտարի գործ էր անում, երբ պետք էր։ Ինքը՝ Լուսինեն ու իր բուժքույրը՝ Անոն, այդ օրերին լվացել են արյունոտ պատգարակները։
Врач Лусине Саркисян с коллегами молятся во время Карабахской войны
«Քյոռփեքիս արյունն էր․․․ Լացելով լվանում էինք ու աղոթում, որ էլ չօգտագործվեն․․․»։
Հոգնած, չքնած, քաղցած․ Լուսինեն պատերազմի օրերին երեք անգամ արյան դոնոր է դարձել, իր 4-րդ դրական արյունը կյանքեր է փրկել։
«Պատերազմի ժամանակ ուժեղանում ես»։

Երևի՝ ճիշտ բուժում չարեցինք ․․․

Պատերազմի առաջին օրերին Լուսինեն վստահ էր՝ Ապրիլյանի նման է լինելու, մի քանի օր կտևի։ Ասում է՝ անգամ այդ օրերին չի թողել, որ խաղողը փչանա, քաղել են, լցրել 200 կգ-անոց տակառների մեջ, որ օղի թորեն ու խմեն հաղթանակի կենացը։
«Հոկտեմբերի 16-ին նահանջի հրաման ստացանք, երեկոյան հոսպիտալը հավաքեցինք։ 17-ին գնացինք հիվանդանոցը մաքրելու, ամբողջ գետինն արյուն էր, լվացինք ամեն ինչ՝ վստահ լինելով, որ հետ ենք գալու, անգամ հիվանդանոցի դիմաց թափված ամբողջ աղբն էինք հավաքել, ավլել»։
Врач Лусине Саркисян
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը որոշել էր Իշխանաձորում՝ իր տանը գիշերել, սակայն ամուսնուց զանգ է ստանում՝ «արագ դուրս ես գալիս, դիվերսիոն խմբեր կան»։ Գիշերեց Գորիսում, հաջորդ օրը որոշեց գնալ Կովսական՝ գոնե հիվանդանոցից իրեր դուրս բերելու, տեղում ասացին՝ պետք է դուրս գալ, վտանգավոր է։ Գորիսի ճանապարհին լավ լուր ստացավ, թե «սա հատուկ կազմակերպված նահանջ է, ամեն ինչ լավ է լինելու»։ Բայց Լուսինեն այլևս ոչ Կովսականը տեսավ, ոչ էլ Իշխանաձորի իր տունը։
«Կռիվն էդքան չէր հասել, Կովսականը, մեր գյուղերն ուղղակի տվեցինք․․․Արցախը, Քաշաթաղն ինձ համար ուղղակի նյութական ինչ-որ բան չեն, գիտեք ինչ եմ զգում՝ ոնց որ հիվանդիս ճիշտ բուժում չարեցի, չկարողացա նրան փրկել։ Միգուցե ժամանակին չգնահատեցինք մեր ունեցածը, միգուցե մեղք ունեցանք, դրա համար Աստված պատժեց մեզ։ Բայց Աստված մեզնից երես չի թեքել, սա մեծ փորձություն է, գիտեմ, որ վերադառնալու ենք»։
Լուսինեն իր հետ վերցրել է հիվանդանոցի ու Իշխանաձորի իր տան բանալիները։ Վստահ է, որ դրանք մի օր օգտագործելու է։ Հիմա ամուսնու, դստեր և տարեց մայրիկի հետ ապրում են Ստեփանակերտում՝ վարձակալած բնակարանում։ Որքան էլ ծանր է ամեն անգամ Արցախ գնալիս տեսնել ադրբեջանական դիրքերը, Բերձորից հետո չկարողանալ իր տուն գնալ, բայց արդեն վաղուց արցախցի է ու իր կյանքն Արցախից հեռու չի պատկերացնում։
Врач Лусине Саркисян показывает ключи от дома и больницы, принесенные с собой из Карабаха

«Որոշել եմ զինվորական ծառայության անցնել։ Շատ եմ սիրում բանակը, մեր զինվորներին, դրա համար էլ զինվորականի հետ ամուսնացա։ Ես սիրողական զինվորական շորեր ունեի, պատերազմի օրերին դրանք էի հագնում, հիմա դրանց վրա լրիվ արյուն է, որ լվացվելուց հետո էլ չի անցնում, չեմ էլ փորձում ինչ-որ նյութով հանել, մեր հերոսների արյունն է․․․ Պատերազմն ինձ շատ է ծերացրել, բայց ես տեսնելու եմ էդ հաղթանակը»։

Հրաժեշտից առաջ մեկմեկու պինդ գրկում ենք՝ ամեն մեկս կոկորդում սեղմելով արցունքները։ Մաղթանքների ու հաջողության խոսքերի փոխարեն միայն մի բան ենք պայմանավորվում՝ մեր հաջորդ հանդիպումն ու հարցազրույցը լինելու են Իշխանաձորում՝ Լուսինեի տանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների

Ֆինանսական փոխհատուցման համար ներկայացված դիմումների քանակը գերազանցում է 46 000֊ը. հետագա գործընթացը՝ պատասխանատուի ներկայացմամբ

Արցախում զինծառայող է մահացել

68 հազար դրամ՝ սոցաջակցության ծրագրի վերջին. հունիս ամսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է

Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

Մահվան ելքով ավտովթար Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՀՀ ՊՆ

Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՄԻՊ

Ստեփանակերտում ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն․ տուժածի վիճակը ծանր է

Search