Պատերազմից հետո Արցախում առկա սոցիալական, առողջապահական, կրթական կարիքներն առավել ստույգ գնահատելու, առարկայական խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը միտված նպատակային քայլեր ձեռնարկելու նպատակով ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությan նախաձեռնությամբ կիրականացվի կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր:
Արցախում կիրականացվի կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին փոխանցեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, այդ շրջանակներում նախարարության հարցազրուցավարները կայցելեն բնակարաններ՝ իրականացնելով համապատասխան հարցումներ և յուրաքանչյուրից տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնց լուծումն առաջնահերթ է տվյալ անհատի ընտանիքում:
Նրանք կներակայանան անվանաքարտերով, որոնց վրա գրված կլինեն վերջիններիս տվյալներն ու հետադարձ կապի միջոցը՝ հնարավորություն տալով հավաստիանալու, որ մասնակցում են կառույցի կողմից իրականացվող ծրագրին:
Հարցումը կիրականացվի Արցախի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում՝ թույլ տալով երևան հանելու նաև այն խնդիրները, որոնք պայմանավորված են նաև կեցության համապատասխան վայրի առանձնահատկություններով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բոլոր անձնական տվյալները կմնան գաղտնի, իսկ այն խնդիրները, որոնք կբացահայտվեն հարցման արդյունքում, կօգնեն առաջիկայում մշակել Արցախի ազգաբնակչության սոցիալական հիմնախնդիրների լուծմանը միտված կոնկրետ ծրագրեր: