Ակադեմիական երգչախումբն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին Արցախում զոհվածների հիշատակին
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկան բարեգործական համերգով, որի հասույթը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին: Կոլեկտիվները համերգը նվիրեցին արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին:
Ակադեմիական երգչախումբն ու Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին Արցախում զոհվածների հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համերգը ղեկավարեց ՀԱԱԵ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանն ասաց, որ 2020 թվականին չեն կարողացել լիարժեք համերգային գործունեություն ծավալել: «Փոքր խմբերով ենք ելույթներ ունեցել, հանդես ենք եկել եկեղեցիներում և այլ հարթակներում: Այս տարի համավարակի նահանջով պայմանավորված հնարավորություն ընձեռվեց ամբողջ խմբով ներկայանալու: Համատեղ համերգի նպատակով դիմեցի Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենին: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանն էլ առաջարկեց համերգը նվիրել պատերազմում զոհված տղաների հիշատակին: Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին»,-տեղեկացրեց նա ու հավելեց, որ հնարավոր է՝ հանգանակության արկղիկ դրվի դահլիճում, որի գումարը ևս կփոխանցվի հիմնադրամին:
«Այդպես ցանկանում ենք մեր լուման ներդնել մարդկանց օգնելու գործում: Հիմա աջակցության կարիք շատ կա»,-ընդգծեց Թերզյանը:
Նվագախմբի տնօրենի խոսքով՝ ծրագիրը գեղեցիկ է. վստահ է, որ երաժշտասերները չեն ձանձրանա: Հնչեցին Եկմալյանի «Տէրունական աղоթք», «Պլպուլն Ավարայրի», «Լռեց՝ ամպերը եկան», «Սուրբ-Սուրբ», Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան», Ռոսինիի «Stabat Mater» Quando Corpus, Մոցարտի «Requiem» Lacrimosa, Դվորժակի «Requiem» Pie Jesu, Վերդիի «Նաբուկո» Գերիների խմբերգ, Տիգրանյանի «Անուշ» նախերգանք, Չուխաջյանի «Արշակ Բ» Եկեղեցու տեսարան, Կանաչյանի «Օրոր», Կոմիտասի «Պատարագ» Հոգի Յաստուծոյ, «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ, «Զուր ես գալի այ գարուն» ստեղծագործությունները:
Վերադառնալով 2020-ի բացթողումներին և 2021-ի անելիքներին՝ երգչախմբի տնօրենը հիշեցրեց, որ նախորդ տարին բեթհովենյան էր: Երգչախումբը, համագործակցելով Ֆիլհարմոնիկի հետ, պետք է կատարեր Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, հետագայում տեսագրեր այն, նախատեսում էր աշխատել Սիմֆոնիկ նվագախմբի հետ, ծրագրել էր մենահամերգներով հանդես գալ, ձայնագրություններ անել, ներկայանալ Ռուսաստանում, Գերմանիայում և այլն:
«Մենք պարբերաբար փոքր խմբերով փորձեր արել ենք՝ պահելով մեր մարզավիճակը, սակայն նման փորձերը երգչախմբի համար քիչ են: Այս տարի հնարավորինս լրացնելու ենք բացերը, ներկայանալու ենք համերգներով, քանի որ երաժշտասերները երաժշտության ծարավ են: Ձայնագրությունը մի բան է, կենդանի հնչողությունը՝ այլ»,-եզրափակեց Դավիթ Թերզյանը: