Թուրքիայում մահացել է ստամբուլահայ համայնքի ականավոր գործիչ, համայնքի հարսանիքների, մկրտությունների և թաղման արարողությունների գլխավոր կազմակերպիչներից Պերճ Քաջը:
Մահացել է Ստամբուլի հայ համայնքի ականավոր գործիչ Պերճ Քաջը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Yerkir.am-ի փոխանցմամբ, այս մասին սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է գործչի դուստր Թամար Քաջ Էրդավիթյանը. գրում է «Ակօս» պարբերականը:
«Իմ հայր Պերճ Քաջը Ստամբուլի բեյէֆենդիներից (մեծ պարոն) էր: Անցյալ գիշեր նա քնի մեջ մահացել է: Թող Աստված նրա հոգին դրախտի անմար լույսի ներքո պահի: Թաղման արարողությունը տեղի կունենա չորեքշաբթի` դեկտեմբերի 30-ին` Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Նա կթաղվի Բալըքլըի ընտանեկան գերեզմանատանը»,- տեղեկացրել է գործչի դուստրը:
Պերճ Քաջը ծնվել էր 1943 թվականին Ստամբուլում: 1960 թվականից զբաղվում էր հարսանիքների, մկրտությունների և թաղման արարողությունների կազմակերպմամբ: Նա նաև հոգևոր ծառայություն էր մատուցում, ուներ սարկավագի աստիճան, Ստամբուլի հայ համայնքի ականավոր գործիչներից էր: