Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ներկայումս բուժում է ստանում COVID-19-ով վարակված մոտ 80 ծանր հիվանդ:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում COVID-19-ով վարակված մոտ 80 ծանր հիվանդ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:
Նրա խոսքով՝ պատերազմական օրերին COVID-19-ով հիվանդները հիմնականում տեղափոխվել են ՀՀ: Հաշվի առնելով Հայաստանում գրանցված հիվանդացության բարձր աստիճանը՝ նման աճի տեմպեր արձանագրվել են նաև արցախցիների շրջանում:
Ա. Օհանջանյանի խոսքով՝ քիչ չեն եղել նաև մահացության դեպքերը, ևս 3 մահվան դեպք գրանցվել է պատերազմից հետո, երբ հիվանդները ռազմական գործողությունների ավարտից հետո ՀՀ-ից տեղափոխվել են Արցախ: Առողջապահության նախարարը տեղեկացրել է նաև, որ շատ ժամանակ քաղաքացիները պարզապես չեն կարողացել օգնություն ստանալ:
Պատերազմական օրերին COVID-19-ը չի շրջանցել նաև բուժաշխատողներին:
Ա. Օհանջանյանը նշել է, որ հիվանդանոցների գրեթե ամբողջական անձնակազմը այդ օրերին վարակվել և աշխատել է հիվանդ վիճակում: