Արցախում այսօր վերջապես վերականգնվել է ինտերնետ կապը:
Արցախում վերականգնվել է ինտերնետ կապը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ասել է ‹‹Ղարաբաղ Տելեկոմ›› ընկերության գլխավոր տնօրեն Հակոբ Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում կապն ամբողջությամբ վերականգնվել է. հանրապետության մյուս բնակավայրերում, որտեղ դեռևս էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, ինտերնետը չի գործում:
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հայտարարել է, որ 1 բնակիչ-բաժանորդի համար ինտերնետ կապի ծառայության գծով մինչև 1 ՄԲ/վրկ արագությունը կգործի անվճար հիմունքներով, իսկ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցվող բջջային կապի ծառայությունների գծով մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրությունը կլինի անվճար:
Նշենք, որ ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի:
Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: