Artsakhpress

Հարցազրույց

Հայերը կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առջև. կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուի հարցազրույցը

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում սանձազերծված պատերազմը կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուն համեմատում է անցկացնում 1915 թվականին հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանության հետ:

Հայերը կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առջև. կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուի հարցազրույցը

Հայերը կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առջև. կատալոնացի քաղաքագետ Աբել Ռիուի հարցազրույցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ քաղաքագետի 1915 թվականի ցեղասպանության ստվերը տարածվում է այսօր, և ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ, նրանք թուրքերի ձեռքով բնաջնջվեցին Արևելյան Անատոլիայում, այսօր նրանք կարող են բնաջնջվել Արցախի տարածքից, ինչպես նաև՝ արմատախիլ կարվի ամբողջ պատմական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում:

Աբել Ռիուն նշում է, որ մինչ այժմ մոտ 90.000 մարդ՝ այսինքն Արցախի բնակիչների 60% -ը, ստիպված են եղել լքել իրենց տները, ինչը իրական էթնիկական զտում կլինի, եթե նրանք չկարողանան վերադառնալ:

Քաղաքագետի հետ «Արցախպրես»-ի թղթակցի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պարո՛ն Ռիու, պատերազմի այս օրերին Ադրբեջանը ցույց է տալիս իր քաղաքականության իրական դեմքը՝ անգամ ռազմական հանցագործություններ և խոշտանգումներ կատարելով խաղաղ բնակիչների շրջանում: Այս պայմաններում հնարավո՞ր է խոսել Ադրբեջանի կողմից Արցախի ինքնավարության և կարգավիճակի ճանաչման հարցի մասին:

-Ադրբեջանի կողմից ներկայիս հարձակումը հայերի կողմից ընկալվում է որպես նոր էքզիստենցիալ սպառնալիք իր ժողովրդի դեմ, և այդ հարձակման դեմ պայքարը գոյատևման համար մղված պայքար է: Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի հետազոտությունների համաձայն՝ վերջին տարիներին Ադրբեջանի, հատկապես Նախիջևանի շրջանի մի շարք տարածքներում գտնվող հայկական ժառանգության ոչնչացումը, այդ թվում՝ 89 եկեղեցի, 5480 խաչքար և 22 հազար 700 գերեզման, կասկածի տեղիք չի տալիս, թե ինչ կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկվի Ադրբեջանի կողմից:

Ռամիլ Սաֆարովի դեպքը, ադրբեջանական զինվորականների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները՝ ներառյալ խաղաղ բնակիչների և հայ մարտիկների սպանությունները սեպտեմբերի 27-ից ի վեր, վայրագությունները, ինչպես նաև խոշտանգումները, գլխատումները 2016 թ.-ի կարճատև պատերազմի ընթացքում վերահաստատում են այն փաստը, որ հայերը կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առջև: Մենք խոսում ենք էթնիկական ատելության մասին: Այս ամենը ապացուցում է, որ վերականգնողական անջատումը կամ անկախությունը կարող են դիտվել որպես բնակչությանը մարդու իրավունքների լուրջ խախտումներից պաշտպանելու միակ միջոց:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը պատերազմ է մղում Արցախի դեմ Թուրքիայի, Իսրայելի աջակցությամբ և նաև ահաբեկիչների ու վարձկանների անմիջական ներգրավմամբ:

-Ադրբեջանը այն կողմն էր, որն ուներ առավելագույն պատճառներ 1994 թ.-ի ստատուս քվոյից հետո դժգոհ մնալու համար: 1990-ականների պատերազմում նրա պարտությունը նշանակում էր ոչ միայն կորցնել վերահսկողությունը Ղարաբաղի, այլ նաև՝ հարակից յոթ շրջանների նկատմամբ: Այս իմաստով՝ վերջին տարիներին ամբողջ Լեռնային Ղարաբաղը «ազատագրելու» և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու կոչերը օգտագործվել են Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից՝ քարոզչական տեսանկյունից: Նրանք փորձել են ուշադրությունը շեղել կոռուպցիայի, բռնաճնշումների և իշխանության չարաշահման դեպքերից՝ տարիներ շարունակ սնուցելով հակահայկական տրամադրությունները Ադրբեջանի բնակչության շրջանում:

Պատերազմը Ադրբեջանի համար ունի երկակի նպատակ. պատերազմն ինքնին՝ որպես տարածքային նվաճման միջոց, և միևնույն ժամանակ պատերազմ՝ որպես գործիք հայերին ճնշելու համար՝ նոր ենթադրական բանակցություններում զիջումներ կատարելու համար: Բայց դիրքորոշումներն այսօր ավելի հեռու են, քան երբևէ, կանխատեսումները հոռետեսական են, և բոլոր ցուցումները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունները չեն դադարի գոնե միջնաժամկետ հեռանկարում: Հաշվի առնելով մինչ այժմ զոհերի քանակը՝ մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, որը երկարաձգելու դեպքում կարող է հանգեցնել իրական հումանիտար աղետի, որն էլ կարող է սրվել թուրքական կամ ռուսական ռազմական ավելի մեծ ներգրավվածությամբ՝ առանց բացառելու Սիրիայի սցենարի կրկնությունը:

-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներթափանցումը Արցախի տարածք ենթադրում է այդ տարածքում միջազգային ահաբեկչության կիրառում, որի մասին խոսել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկը Հարությունյանը:

Ձեր կարծիքով՝ արդյո՞ք տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը չի նշանակում Արցախ-Ադրբեջան հակամարտությունից դուրս միջազգային ահաբեկիչների կողմից լայնածավալ գործողությունների հնարավորությունների ստեղծում:

-Կարծում եմ՝ Մոսկվան իրավացի է, որ մտահոգությամբ է ընկալում ռազմական մակարդակով Թուրքիայի մուտքը մի տարածաշրջան, որը Ռուսաստանը համարում է իր ազդեցության գոտիներից մեկը, առավել ևս ՝ ջիհադիստների տեղակայումը Հյուսիսային Կովկասի մոտ, ինչպիսիք են Դաղստանը կամ Չեչնիան, որն ունի ողբերգական արձանագրություն ահաբեկչական ջիհադիստական գործունեության մասին և ինչ-որ պահի՝ կրկին բռնկվելու հնարավորություն: Սիրիայից բերված վարձկանների ներկայությունն իսկապես ապակայունացնող վտանգ ունի ինչպես Կովկասի ողջ տարածաշրջանի, այնպես էլ Իրանի համար:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում միջազգային հանրությանը ընդունել Արցախը որպես առանձին պետություն և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

-Թուրքիան և Ադրբեջանը հզոր, ազդեցիկ պետություններ են՝ տնտեսական, ռազմական և էներգետիկ պատճառներով. գտնվում են Եվրոպայի և Ասիայի, Կովկասի և Մերձավոր Արևելքի միջև ռազմավարական վայրերում, ընդհանուր ելք ունեն դեպի 5 ծով և ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն բնակչություն: Քիչ պետություններ կցանկանան հարաբերությունները վատացնել այս երկու երկրների հետ՝ ճանաչելով Արցախի անկախությունը: Բացի այդ, պետությունների տարածքային ամբողջականության հարցը միջազգային գործերում զգայուն և շատ նուրբ հարց է, քանի որ երկրները հակված են խուսափել ինքնորոշման իրավունքի վրա հիմնված դեպքերի դրական նախադեպերից, խուսափել դոմինոյի էֆեկտից, որն ի վերջո կարող է ազդել իրենց վրա:

-Տարբեր երկրներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կազմակերպություններ, ազդեցիկ անհատներ այս օրերին հանդես են գալիս Արցախում տիրող իրավիճակը դատապարտող կոչերով, հայտարարություններով: Այդ ուժերը ինչքանո՞վ են ներկայացնում իրենց ներկայացրած երկրների քաղաքական հայացքները:

-Իսպանիայի դեպքում, ես կասեի մի քանի բացառություններով: Բասկերի և Կատալոնիայի խորհրդարանները՝ Կատալոնիայի ու Բասկերի երկրի անկախության կողմնակից կուսակցությունների և կազմակերպությունների հետ միասին, աջակցություն են հայտնել Արցախին և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական ագրեսիան:

-Ի՞նչ եք կարծում դիվանագիտական խողովակներով հնարավո՞ր է հասնել հարցի կարգավորման վերջնական լուծման։

-Հաշվի առնելով մինչ այժմ Մինսկի խմբի անդամների միջնորդությամբ համաձայնեցված երեք զինադադարի ձախողումները՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ դրանց խախտումները, դժվար է կանխատեսել առճակատումների կարճաժամկետ դադարեցում: Միայն Ադրբեջանի և Թուրքիայի վրա միջազգային մեծ ճնշումը՝ ներառյալ պատժամիջոցները և տնտեսական այլ միջոցներ, կարող են փոխել նրա ռազմատենչ դիրքորոշումը, բայց, ցավոք, դա կարծես շատ շուտով չի լինի: Այնուամենայնիվ, չի բացառվում տարածաշրջանում նոր ստատուս-քվոյի շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար Մոսկվա-Անկարա երկկողմ բանակցային դաշտի ինչ-որ պահի ակտիվացումը, ինչը կարող է հանգեցնել, որ հայերը ստիպված կլինեն փոխարենը հրաժարվել մի շարք տարածքներից:

Առաջարկություն, որը դժվար կլինի կյանքի կոչել՝ հաշվի առնելով երկու կողմերի դիրքորոշումները և Հայաստանի կողմից անհանգստությունը, որ տարածքների փոխզիջումը ապագայում նոր ճգնաժամերի դուռ կբացի: Թվում է, թե ամեն ինչ ցույց է տալիս, որ, ցավոք, երկրորդ ղարաբաղյան պատերազմը շուտով չի ավարտվի: Բայց, ի վերջո, միայն բանակցային կարգավորումը, և ոչ թե պատերազմը, միջոցն է, որն ի վիճակի է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատել:

Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՍՄՀ նախարարությունը ներկայացրել է 50 հազար դրամ միանվագ դրամական աջակցության շահառուների ցանկը

Քովիդի դեմ պայքարը խստացվում է. որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 13-ից

Ունենք վիրավորներ. այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. ՊԲ

ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախի տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու որոշումը

ՀՀ կառավարությունն Արցախից տեղահանվածներին դրամական նոր աջակցություն կտրամադրի

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է բոլոր մանեկեններն ու սաղավարտները

Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. պետնախարարն այցելել է վիրավորներին

Ամենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․ աղբյուր

Search