2019 թ-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գործունեությունն ընթացել է ԱՀ Նախագահի նախընտրական ծրագրի, ԱՀ կառավարության 2019 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով առաջադրված հիմնախնդիրներից բխող ու կրթության, գիտության և սպորտի ոլորտների գերակա ուղղությունների պահանջների կատարմամբ:
2019 թ-ին շարունակվել է նախադպրոցական կրթության զարգացման ծրագրերի իրականացումը. Նարինե Աղաբալյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաընթացքում նախարարությունը շարունակել է նախադպրոցական կրթության զարգացման ծրագրերը:
«Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով նոր մանկապարտեզ է բացվել Ասկերանի շրջանի Շոշ համայնքում, իսկ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի մանկապարտեզում ավելացել է մեկ խումբ: Նախադպրոցական խմբեր են ստեղծվել Շուշիի շրջանի Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Սոնասար, Այգեհովիտ և Իշխանաձոր համայնքների դպրոցներում: Ստեփանակերտում նախադպրոցական կրթության հնարավորություններն ընդլայնելու նպատակով N 8 դպրոցում ավելացել է մեկ խումբ (մանկապարտեզային պայմաններով), իսկ Ստեփանակերտի N 4 դպրոցում գործող խումբը և Ստեփանակերտի N 6 դպրոցի խմբերից մեկը վերափոխվել ու անցել են մանկապարտեզային (9-ժամյա) ռեժիմով գործունեության: Իրականացվել է մանկապարտեզների և նախադպրոցական խմբերի գործունեության մշտադիտարկում, ցուցաբերվել է մեթոդական աջակցություն, աշխատանքներ են կատարվել ոլորտում նոր ներդրումների խթանման ուղղությամբ»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:
Նախարարն ավելացրել է, որ շարունակվել են նաև դպրոցների՝ դասագրքերով, ուսումնամեթոդական, մասնագիտական գրականությամբ ապահովմանը, ուսուցիչների վերապատրաստմանն ու ատեստավորմանը, մեթոդական աջակցությանը, սովորողների գիտելիքների և կարողությունների զարգացմանը և արտադպրոցական կրթության ապահովմանն ուղղված աշխատանքները:
Ասուլիսի վերջում նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: