ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախօրեին կայացած ԿԸՀ նիստի ժամանակ անդրադարձել է պետական հիմնարկներում աշխատողների հետ հանդիպումների թույլատրելիության կամ անթույլատրելիության սահմանին:
ԿԸՀ-ն հստակեցրել է պետական հիմնարկներում նախընտրական հանդիպումներ անցկացնելու կարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում ԿԸՀ նախագահն ասել է, որ, եթե որևէ գերատեսչության դահլիճը կամ շենք-շինությունը նախապես հայտագրված և ԿԸՀ կայքում տեղադրված դահլիճների ցանկում ներառված է, հանդիպում կազմակերպելու համար նախագահի թեկնածուն կամ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կարող են դիմել գերատեսչություններին, իսկ եթե ոչ, նման իրավունք չունեն:
«ԱՀ Ընտրական օրենսգիրքը այս հարցում հստակ սահմանում է, որ նախապես համայնքի ղեկավարների կողմից ԿԸՀ են ներկայացվում այն դահլիճների և շինությունների ցանկերը, որոնք պետական տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ են տրամադրել քարոզարշավի մասնակիցներին քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներ կազմակերպելու համար: Դահլիճների և շինությունների ցանկը պարտադիր կարգով ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակվում է: Նշվում է նաև դահլիճներից օգտվելու կարգը»,- մանրամասնել է Ս. Արզումանյանը:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ եթե նախագահի թեկնածուն կամ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) հանդիպում են պլանավորում որևէ գերատեսչության աշխատակիցների հետ, այն պետք է կազմակերպել նշված դահլիճներում և շինություններում: Գործատուները որևէ պարտավորվածություն չունեն աշխատանքային ժամերին կամ դրանից դուրս վարչական շենքերում դահլիճներ տրամադրել հանդիպումների համար:
Ս. Արզումանյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման կարգի խախտումը կարող է առաջացնել հետևանքներ՝ մի դեպքում շահարկման թեմա է դառնալու վարչական ռեսուրսի օգտագործումը, մեկ այլ դեպքում՝ քաղաքացիների ոչ ազատ կամարտահայտության վրա ոչ ուղղակի ազդեցություն թողնելը: