Այսօր ՝ փետրվարի 26-ին, Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) համայնքում նշել են գյուղի ազատագրման 28-ամյակը:
Այսօր Խոջալուի ազատագրման 28-ամյակն է. համայնքում միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համայնքի բնակիչները, ռազմագործողության մասնակիցները՝ համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, որից հետո Իվանյանի՝ Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով և ներկայացրել գյուղի անցյալն ու ներկան:
Ռազմագործողությունների մասնակից Արթուր Հարությունյանն էլ, մեզ հետ զրույցում, վերհիշելով 1992 թվականի փետրվարյան օրերը, ասել է, որ իրենք հրահանգ են ստացել, որ երբեք չկրակեն խաղաղ բնակչության և համայնքի հարակից տարածքով անցնող գետի և երկաթգծի ուղղությամբ, որովհետև այն նախատեսված էր որպես միջանցք, որտեղով բնակչությունը շարժվում էր դեպի Աղդամ (Ակնա):
«Խոջալուի ազատագրումը ժամանակի պարտադրանք էր, որովհետև Ասկերանի հարակից տարածքները կտրված էին Ստեփանակերտից: Հակառակորդը փակել էր ճանապարհը և խոչընդոտներ էր ստեղծում, որպեսզի հայ բնակչությունը որևէ կերպ չկարողանար հաղորդակցվել մայրաքաղաքի հետ: Մեզ պետք էր ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպել, որպեսզի կարողանայինք ապրեինք հանգիստ, անվտագ և խաղաղ: Չնայած դժվարություններին՝ մեր ինքնապաշտպանական ջոկատներին հաջողվել է ճիշտ ու գրագետ ռազմագործողություններ վարել՝ արդյունքում ազատագրելով Իվանյան համայնքը»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Այսօր շահարկվող այն թեման, որ իբրև թէ Խոջալուում ապրող խաղաղ բնակիչները ռազմագործողությունների ընթացքում տուժել են, Ա. Հարությունյանը հիմնավորված չի համարում և հորդորում է առնչվել իրականության հետ:
Նշենք, որ Իվանյանի (Խոջալու) ազատագրումը տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 25-26-ը. ռազմական գործողության նպատակն էր ԼՂՀ օդանավակայանը, որը գտնվում էր Խոջալու գյուղի մոտ՝ Ստեփանակերտից 7 կմ հեռավորության վրա, ապաշրջափակել և Խոջալուում հակառակորդի կրակակետերը վնասազերծել: