Նախօրեին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով ընդունվել է «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ են կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքների նախագծերը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ նշված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը մշակվել է՝ հաշվի առնելով գործնականում առաջացող բազմաթիվ այն դեպքերը, երբ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի գտնվելու վայրը հայտնի է, բայց վերջինս կամ էլ ներկայացուցիչը չեն ներկայանում անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու համար: «Օրենքների նախագծով նախատեսվում է, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց հայտնվելու կամ գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքերում դատարանի կողմից նախկինում անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին վճիռները վերացնելու վերաբերյալ վճիռ կայացնելու նաև շահագրգիռ անձանց կամ մարմինների դիմումի հիման վրա»,- նշել է Ա. Դանիելյանը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: