Նախօրեին կայացած Խորհրդարանի լիագումար նիստում 26 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն ասել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Արցախում հրապարակային տեղեկատվության տարածման կառուցակարգերը բարելավելու հիմնախնդիրների և այդ ոլորտում միասնական իրավական կարգավորում նախատեսելու անհրաժեշտության կարևորությունից:
«Ներկայացված նախագիծը նպատակ է հետապնդում նվազեցնել ոչ պատշաճ ծանուցումների թիվը և դրանից բխող բացասական իրավական հետևանքները: Նախագծի ընդունմամբ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվություն պարունակող հայտարարությունը կտեղադրվի նաև www.azdararnkr.am Արցախի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը:
Նախարարը նշել է, որ սույն օրենսդրական փոփոխության արդյունքում հասարակությունը հնարավորություն կունենա ավելի տեղեկացված լինելու, քանի որ տեղեկատվությունը համախմբված կլինի տեղեկատվական միասնական հարթակում: Նշված բարեփոխումների արդյունքում ակնկալվում է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, ապահովել տեղեկատվության հասանելիությունը, մատչելիությունը և թափանցիկությունը, որն էլ մեծ անհրաժեշտություն է ժողովրդավար հասարակության համար:
Գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: