«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ:
Թաղասեռ համայնքը մանկապարտեզ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղասեռ համայնքի ղեկավար Արմեն Բուդաղյանը:
Նրա խոսքով՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են անցած տարվա հոկտեմբեր ամսին:
«Նախատեսվում է ունենալ 30 տեղանոց մանկապարտեզ, որը համայնքում կիսով չափ կլուծի երեխաների կրթության և ժամանցի կազմակերպման խնդիրը՝ ծնողներին հնարավորություն տալով զբաղվել իրենց աշխատանքով։ Պետք է նշեմ, որ մինչ այս գյուղում մանկապարտեզ չի եղել: Գյուղապետարանի նախկին շենքում նախադպրոցական տարիքի շուրջ 13 երեխայի համար գործում է հատուկ խումբ»,- ավելացրել է Ա. Բուդաղյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, գյուղն ունի մանկապարտեզի ենթակա 60 երեխա: Նոր մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար: Այն շահագործման կհանձնվի 2021 թվականին: