Օպերային երգիչ և դասախոս Գուրգեն Բաղդասարյանի նախաձեռնությամբ Արցախում հիմնվել է «Շունչ» ձայնի պահպանման կենտրոնը:
Արցախում ձայնի պահպանման կենտրոն է հիմնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Բաղդասարյանն ասել է, որ ինքը, ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և վերադառնալով Արցախ, ոգեշնչվել է տեղի հրաշալի ձայներով ու որոշել հիմնել «Շունչ» ձայնի պահպանման կենտրոնը: «Ինչո՞ւ շունչ, որովհետև այն իր մեջ խորը իմաստ ունի: Աստվածաշնչում ասվում է, Աստված ստեղծելով մարդուն, նրա երեսին կյանքի շունչ փչեց, և մարդը հոգով կենդանի դարձավ: Ցանկացած ոճի երգեցողության հիմքում ընկած է ճիշտ շնչառությունը:
Մեր կենտրոնն առաջարկում է ձայնի մշակման դասընթացներ, ինչպես այն մարդկանց համար, ովքեր ընտրել են երգեցողությունը՝ որպես մասնագիտություն, այնպես էլ նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են երգել: Կենտրոն հաճախողները կբացահայտեն գլխային և կրծքային ռեզոնատորները, շունչը, միքստը և այլ հմտություններ: Գեղեցիկ երգեցողությունն իր մեջ ներառում է մի շարք գաղտնիքներ: Յուրաքանչյուր մարդ պետք է փայփայի ու նուրբ վերաբերի իր ձայնի հետ, քանի որ, ինչպես ասում է Պլասիդո Դոմինգոն, ձայնն աշխարհի ամենախանդոտ կինն է»,-մասնավորապես ասել է նա:
Գ.Բաղդասարյանը նաև նշել է, որ ձայնի պահպանման կենտրոնի ստեղծումը դրական արձագանք է գտել հանրության կողմից, և մեծ սիրով այնտեղ են հաճախում նաև հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ: