Artsakhpress

Հարցազրույց

Մենք կշարունակենք աջակցել հակամարտության հետևանքով տուժածներին այնքան ժամանակ, ինչքան դրա կարիքը կլինի.Պիեռ-Էմանուել Դյուքրուեի բացառիկ հարցազրույցը

Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության կատարած և կատարելիք գործուենության մասին՝ «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել և զրուցել է կառույցի ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեի հետ:

Մենք կշարունակենք աջակցել հակամարտության հետևանքով տուժածներին այնքան ժամանակ, ինչքան դրա կարիքը կլինի.Պիեռ-Էմանուել Դյուքրուեի բացառիկ հարցազրույցը

Մենք կշարունակենք աջակցել հակամարտության հետևանքով տուժածներին այնքան ժամանակ, ինչքան  դրա  կարիքը կլինի.Պիեռ-Էմանուել Դյուքրուեի բացառիկ  հարցազրույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ստորև   ներկայացնում ենք   հարցազրույցի  տեքստն   ամբողջությամբ:
 
_Ձեր կազմակերպության գրասենյակը գտնվում է Արցախում 1992 թվականից ի վեր: Կարո՞ղ եք առանձնացնել ձեր աշխատանքի  հիմնական    ուղղությունները:
 
-Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք այնտեղ, որտեղ բռնկվում են զինված հակամարտություններ կամ առկա են բռնության այլ իրավիճակներ: Մենք ձգտում ենք պաշտպանել տուժած մարդկանց կյանքն ու արժանապատվությունը և ցուցաբերել նրանց մարդասիրական օգնություն: Մեր աշխատանքը հիմնված է մարդասիրության սկզբունքի վրա: Բացի այդ, մենք մնում ենք անկողմնակալ հակամարտության ընթացքում: Այսպիսով, ինչպես բազմաթիվ այլ կոնտեքստներում, Լեռնային Ղարաբաղում  էլ մենք գործում ենք հետևյալ ուղղություններով՝ օգնություն տուժած մարդկանց, պաշտպանություն միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց, մասնավորապես, վիրավոր զինվորականներին, հակամարտության հետևանքով ազատազրկված անձանց և քաղաքացիական բնակչությանը, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման վերահսկում և իրավունքի այդ ճյուղի մասին գիտելիքների տարածում, հակամարտության կողմերի միջև չեզոք միջնորդություն՝ ուղղված հրատապ մարդասիրական խնդիրների լուծմանը:
 
-Մեր տարածաշրջանում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող ամենահայտնի գործառույթներից մեկը՝ չեզոք միջնորդի դերի իրականացումն է հակամարտության կողմերի միջև, որի մասին դուք հենց նոր նշեցիք: Կարո՞ղ եք բերել մի քանի կոնկրետ օրինակներ վերջին տարիներին իրականացված նմանատիպ  աշխատանքների մասին:
-Այո´, չեզոք, անկախ և անկողմնակալ մարդասիրական գործողության սկզբունքները դրված են ԿԽՄԿ-ի գործունեության հիմքում և կազմում են նրա ինքնության անօտարելի մասը: Մենք փորձում ենք երկխոսություն հաստատել զինված հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների, ինչպես նաև հակամարտության հետևանքները կրող բնակչության  հետ՝  նրանց վստահությունը և հարգանքը ձեռք բերելու համար: Հակամարտող կողմերը բազմիցս են մեզ վստահել որպես չեզոք միջնորդի՝ տարաբնույթ մարդասիրական աշխատանքների իրականացման գործում: Սա, շատ հաճախ, լինում է երկկողմ և գաղտնի մակարդակի վրա: Եթե այս կոնտեքստից կոնկրետ օրինակներ բերեմ, ապա ես կընդգծեի 2016թ. -ի ապրիլին մեր կողմից իրականացրած չեզոք միջնորդի դերը, երբ կողմերը կարողացել են ռազմի դաշտից տարհանել զոհված զինվորականների մարմինները կամ, երբ մեր աջակցությամբ իրականացվել է մարմինների վերադարձ հակամարտող կողմերին: Մի այլ օրինակ կարող է հանդիսանալ մեր ջանքերն անհայտ կորածների հարցում որոշակի առաջընթաց ունենալու գործում: 2015թ.-ին ԿԽՄԿ-ն հակամարտության կողմերին հանձնեց Բաքվի և Երևանի պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղի  առաքելության կողմից հավաքագրված անհայտ կորած անձանց տվյալների թարմացված ցուցակները: Եվ իհարկե, որպես մի կազմակերպություն, որն օժտված է չեզոք միջնորդի դերով և կանգնած է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ակունքներում՝ մենք հետևում ենք, թե ինչպես են կողմերը իրականացնում իրենց վրա ստանձնած պարտավորութությունները մարդասիրական իրավունքի կիրառման շրջանակներում և գրանցում ենք ՄՄԻ ենթադրյալ խախտումները: Այս խախտումները կարող են ներառել այնպիսի միջադեպեր, որոնք ազդում են քաղաքացիական անձանց կյանքին կամ ֆիզիկական առողջությանը, կամ կարող են զգալի վնաս հասցնել նրանց ունեցվածքին: Նման դեպքերի լուծման համար ԿԽՄԿ-ն պահպանում է իր ուղղակի և գաղտնի երկխոսությունը հակամարտության կողմերի հետ՝ կարևորելով նրանց կողմից ՄՄԻ պարտավորությունների կատարումը՝ բոլոր ժամանակներում տարբերակելով ռազմական նպատակները և քաղաքացիներին/քաղաքացիական օբյեկտները, ռազմական գործողությունների իրականացման ժամանակ ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները և կիրառել ռազմական անհրաժեշտությանը համաչափ ռազմական  ուժ:
-Ոչ վաղ անցյալում ակտիվորեն քննարկվում էր ադրբեջանցի և հայ ազատազրկվածների փոխանակման հարցը: Հայտարարվեց, որ առաջարկը եկել է ադրբեջանական կողմից, և որ այն փոխանցվել է ԿԽՄԿ-ի միջոցով: Ի՞նչ դեր ունեք այս գործում, որպես չեզոք միջնորդ:

-Անդրադառնալով նախորդ հարցին, կցանկանայի ավելացնել, որ այն մարդասիրական խնդիրների շարքում, որտեղ ԿԽՄԿ-ն հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, ներառված է նաև հակամարտության հակառակ կողմում հայտնված անձանց վերադարձման գործողություններին աջակցություն ցուցաբերելը: Այս տարածաշրջանում ԿԽՄԿ հովանու ներքո իրականացվել է ավելի քան 700 անձանց վերադարձ   և´  շփման գծում, և´   պետական սահմանի վրա: Կարևոր է շեշտել, որչնայած ԿԽՄԿ-ն, կողմերի խնդրանքով,կարող է փոխանցել տեղեկատվություն և նպաստել երկկողմ և գաղտնի բանակցություններին, կողմերն իրենք են որոշում կայացնում, և մենք որևէ ազդեցություն չենք կարող ունենալ նրանց կողմից ընդունված որոշման վրա:
ՄՄԻ-ն, որը հանդիսանում է  ԿԽՄԿ գործունեության հիմքը, մեզ իրավունք է տալիս այցելելու հակամարտության հետ կապված ազատազրկված անձանց՝ անկախ նրանից, թե ինչի մեջ են նրանք մեղադրվում, ինչպես նաև վերահսկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ։ Որպես բացառապես մարդասիրական կազմակերպություն, մեր նպատակն է տեղեկություններ ստանալ բոլոր այդպիսի ազատազրկվածների մասին և նրանց այցելելու հնարավորություն ունենալ: Սա այն է, ինչ մենք անում ենք բոլոր ազատազրկման վայրերում՝ այստեղ և ամենուր, որտեղ մենք  աշխատում  ենք:
 
-ԿԽՄԿ հանրային օրակարգից  կարելի է հասկանալ, որ անհայտ կորածների հիմնախնդիրը գտնվում է ձեր ուշադրության կենտրոնում: Կարո՞ղ եք ասել, թե ինչ թվով մարդկանց մասին է խոսքը: Ո՞ր փուլում է գտնվում նրանց ճակատագրերի  պարզաբանման գործընթացը:
-Կարևոր է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տարածաշրջանում անհայտ կորել է ավելի քան 4500 մարդ, ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելությունը գրանցել է մոտ 400 այդպիսի մարդկանց տվյալներ: Բոլոր կողմերում էլ մենք սերտորեն համագործակցում ենք ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքների հետ, ինչը մեզ հնարավորություն է տալիս հավաքել և պահպանել անհայտ կորածներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում ՝ նրանց արյունակից բարեկամների ԴՆԹ նմուշները: Այսպիսով, մենք հավաքագրել ենք մանրամասն տվյալներ՝ մեր կողմից գրանցված անհայտ կորածների վերաբերյալ, ինչպես նաև հավաքել ենք 180 անհայտ կորածների ավելի քան 500 արյունակից հարազատների կենսաբանական նմուշներ: Ինչպես արդեն նշվել է, շատ կարևոր է հավաքել բոլոր հասանելի տեղեկությունները, երբ մարդիկ անհետանում են, քանի որ որևէ պահի այդ տեղեկատվությունը կարող է նպաստել ընտանիքներին՝ պատասխաններ գտնելու գործում: Օրինակ, եթե արտաշիրիմում իրականացնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն այն վայրերում, որտեղ, ենթադրաբար, հակամարտության ժամանակ մարդիկ են թաղվել, այդ տեղեկատվությունն անհրաժեշտ կլինի աճյունների ինքնությունն որոշելու և նրանց ԴՆԹ-ն հարազատներից հավաքագրված ԴՆԹ-ների հետ համեմատելու համար: Մենք նաև խորհրդակցություն ենք տրամադրում հանձնաժողովի աշխատանքային խմբերի անդամներին՝ վկաներից տեղեկատվություն հավաքելու և մշակելու, ինչպես նաև հուղարկավորման վայրերի բացահայտման և դրանց պաշտպանության վերաբերյալ: Մեզ համար միշտ առաջնային են շեշտել որ այս խնդիրը  մարդասիրական է, այն է ՝ անհայտ կորած անձանց ընտանիքներն իրավունք ունեն տեղեկություն ստանալ իրենց սիրելիների  գտնվելու վայրի և ճակատագրերի վերաբերյալ:
 
-Որո՞նք էին 2019 թվականին իրականացված հիմնական ծրագրերը և ինչպիսի՞նն են 2020 թվականի հեռանկարները:
-Եթե ամփոփենք 2019 թ-ի արդյունքները, ապա կարելի է ասել, որ մենք գրեթե ամբողջությամբ կարողացել ենք կյանքի կոչել մեր առջև դրված նպատակները: Մեր կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շահառուները հիմնականում եղել են ականի և պատերազմի պայթուցիկ մնացորդներից տուժած անձինք, ինչպես նաև անհայտ կորած անձանց որոշ ընտանիքներ: Այստեղ հարկ է նշել, որ 2019 թ-ին մենք ավարտին ենք հասցրել մի քանի տարի առաջ մեկնարկած տնտեսական աջակցության ծրագիրը նշված շահառուների համար: Ընդհանուր առմամբ, ավելի քան 430 ականի պայթյունից տուժած անձ ստացել է  մեր օժանդակությունը կա´մ տնտեսական աջակցության ձևով, որի նպատակն էր տնային տնտեսությունների եկամուտների բարձրացումը, կա´մ հրատապ տնտեսական խնդիրները լուծելու համար միանվագ անհատույց դրամաշնորհների տեսքով, կա´մ էլ տան վերանորոգման ծրագրի միջոցով: Մեր կողմից աջակցություն են ստացել ավելի քան 200 անհայտ կորած անձանց ընտանիքներ: Անհրաժեշտ է նշել, որ աջակցությունը ցուցաբերվել է միայն անապահով ընտանիքներին: Նաև կցանկանայի նշել, որ 2019 թ-ի  օգոստոսին մենք ավարտեցինք անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվող սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս 2011 թ-ին: Մենք որոշ քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի անհայտ կորած անձանց ընտանիքներից ընտրված համակարգող անձինք կարողանան շարունակել ծրագրի իրականացումն առանց մեզ: Միևնույն ժամանակ, մենք մշտական կապ ենք պահպանում նրանց հետ՝ առաջնորդելով  և օգնելով ինքնուրույն գործունեություն սկսել: Մեկ այլ աջակցության ծրագրով մենք տրամադրում ենք դրամական աջակցություն միայնակ անապահով թոշակառուներին: Քաղաքներում և գյուղերում բնակվող ավելի քան 250 միայնակ թոշակառուների կենսաթոշակին մեր կողմից ավելացվել է հավելավճար, որը թույլ է տվել ապահովել նրանց կենսապահովման  նվազագույն  մակարդակը: Բացի անհատներին ուղղված օգնությունից, մենք նաև աջակցություն ենք տրամադրել տեղական որոշ կառույցների: Օրինակ՝ մենք սերտ համագործակցություն ենք ունեցել առողջապահական կառույցների և արտակարգ իրավիճակների ծառայության հետ: Այսպիսով՝ մենք շարունակել ենք աջակցություն տրամադրել արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ պահպանելու և ամրապնդելու համար առաջին օգնության դասընթացների անցկացման նրա փորձառությունը:Նրանց հետ միասին մենք մարզեցինք մոտ 130 առաջին օգնողների 10 շփման գծի մոտակայքում գտնվող համայնքներում, և այդ համայնքներին նվիրաբերեցինք առաջին օգնության արկղիկեր: Բացի այդ, մենք ԱԻՊԾ-ին տրամադրեցինք ֆինանսական միջոցներ՝ շփման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերում 9 անվտանգ սենյակների կահավորման համար, որտեղ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է ժամանակավորապես տեղակայվել քաղաքացիական բնակչությունը: 2019 թ-ին  ԿԽՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Հադրութի հիվանդանոցի նկուղի վերանորոգումն, որը արտակարգ իրավիճակների ժամանակ կարող է ծառայել որպես անվտագ սենյակ` աշխատակազմի և հիվանդների համար: Հաշվի առնելով այն, որ Հադրութի հիվանդանոցի շտապ բուժօգնության ծառայություններն ամրապնդման կարիք ունեն՝ մենք սկսեցինք մի ծրագիր, որն ուղղված է անհետածգելի բուժօգնության և կայունացման բաժանմունքի ստեղծմանը և նպատակ ունի ապահովելու որակյալ և ժամանակին անհետաձգելի բուժօգնության հասանելիությունը տեղի բնակչության համար: Տեղական կառույցների աջակցության մեկ այլ օրինակ է «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»-ին տրամադրված ֆինանսական աջակցությունը՝ ուղղված  հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի միջոցների տրամադրմանը: Եվ իհարկե, մենք այցելել ենք բոլոր կալանավորված անձանց, անհրաժեշտության դեպքում նրանց օգնություն ենք ցուցաբերել և բարելավել կալանքի պայմանները:
Մեր կողմից իրականացվել է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ գիտելիքների տարածում տարբեր թիրախային խմբերի (այդ թվում զինվորականներ ու ուսանողներ) համար: Մենք նաև օգնել ենք երիտասարդ ՄՄԻ հետազոտողներին այցելելու Հայաստանում տեղի ունեցող ՄՄԻ վերաբերյալ տարբեր միջոցառումներ:
Ինչ վերաբերվում է ապագա ծրագրերին, ապա մենք կշարունակենք աշխատել հիմնվելով չեզոքության և անկողմնակալության սկզբունքների վրա և աջակցելով հակամարտության հետևանքով տուժած մարդկանց այնքան ժամանակ, ինչքան  դրա  կարիքը կլինի:
 
-Կարո՞ղ եք մի փոքր պատմել Արցախում աշխատելու ժամանակահատվածի  ձեր  տպավորուղթյունների մասին
-Նախ կցանկանայի նշել, որ սա իմ առաջին առաքելությունը  չէ Լեռնային Ղարաբաղում: Ես եղել եմ այստեղ դեռևս 2010 և 2011 թվականներին: Այն ժամանակ ես աշխատում էի Մոսկվայի պատվիրակությունում, և իմ այցը նպատակ ուներ աջակցելու հաղորդակցման բաժնի իմ գործընկերներին: Ահա թե ինչու, երբ ինձ առաջարկեցին այս առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, ես անմիջապես համաձայնեցի, քանի որ արդեն ճանաչում էի այս վայրը և որոշ գործընկերների:
Ես ֆրանսիայի քաղաքացի եմ, ԿԽՄԿ-ում աշխատում եմ 2001 թվականից և եղել եմ այնպիսի առաքելություններում, ինչպիսիք են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Իսրայելը, Ռուսաստանի Դաշնությունը, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ և այլն: Մինչև ԿԽՄԿ-ն աշխատել եմ Ֆրանսիայի ԱԳՆ-ում, Ռուսաստանի Դաշնությունում և Չեխիայի  Հանրապետությունում:
Ես Լեռնային Ղարաբաղում կլինեմ մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը և դեռևս չգիտեմ, թե որտեղ կլինի իմ հաջորդ առաքելությունը: Լեռնային Ղարաբաղի առաքելությունը, անշուշտ, կշարունակի հատուկ նշանակություն ունենալ ինձ համար: Ես իսկապես հույս ունեմ, որ հակամարտությունը վերջիվերջո կավարտվի: Այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերն ողջունելի են:
Այսպիսով, Ամանորի նախօրեին ես ցանկանում եմ այս տարածաշրջանի մարդկանց, որպեսզի խաղաղության գալուստն արագ լինի և, անշուշտ, այլ դրական փոփոխություններ ևս  դրան կհետևեն:
 
Հարցազրույցը՝  Վեհանուշ  Հովսեփյանի
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search