Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան
Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ բուհի «SMART» դասասենյակում կազմակերպվել է «Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատություններն Արցախի Հանրապետությունում» թեմայով գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան:
Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է գիտական սեմինար՝ նվիրված ԱՀ Սահմանադրության օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել իրավագիտության ամբիոնի դասախոս, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումյանը:
Նա ասել է, որ ամեն տարի այս օրերին կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ՝ կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր:
«Սահմանադրությունը կարևոր դեր խաղաց ինքնորոշված Արցախի պետականությունն ամրապնդելու, երկրում իրավական և ժողովրդավարական կարգեր հաստատելու գործում: Գործող Սահմանադրությունն ապացուցել է իր կենսունակությունը և նպաստել սահմանադրաիրավական մի շարք ինստիտուտների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական և իրավական պետության կայացմանը»,-ավելացրել է Ս. Համբարձումյանը:
Անդրադառնալով ԱՀ Սահմանադրության դրույթներին՝ Ս. Համբարձումյանը կարևորել է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որն Արցախի Հանրապետությունում համարվում է բարձրագույն արժեքներ:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է եկել «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունն ու լիազորությունները» զեկուցումով:
Իր ելույթում Ա. Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կատարած և առաջիկայում կատարելիք աշխատաքները: Նա նաև քննարկել է բուհի հետ համագործակցության ընդլայման ուղիները:
ԱՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ավագ տեսուչ, մայոր Նորա Միրզոյանն էլ իր ելույթում անդրադարձել է անչափահասների նկատմամբ կիրառվող պատժի տեսակներին:
Զինծառայողների իրավունքների պաշտպանությանն անդրադարձել է ՊԲ սոցիալ-իրավական աշխատանքների գծով զորամասի հրամանատարի օգնական, մայոր Գեղամ Հարությունյանը:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար Արթուր Հակոբյանը, հասարակական գործիչ Կարմեն Ասլանյանը, ԱՀ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի օգնական Գայանե Շահնազարյանը, ԳՆՀ իրավագիտության բաժնի մագիստրոս Լարա Գրիգորյանը և Իրավագիտության 5-րդ կուրսի ուսանող Քաջիկ Մելքումյանը և ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Անուշ Հարությունյանը:
Սեմինարի աշխատանքներն ամփոփել է ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սևակ Հակոբյանը:
Գիտական սեմինարին ներկա էին Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, հանրակրթական դպրոցի ավարտական դասարանների աշակերտներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հանդես են եկել հարցերով և առաջարկներով: Զեզեկուցողները ստացել են բուհի իրավագիտության ամբիոնի համապատասխան հավաստագրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: